«Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանն անդրադարձել է «Զանգվածային լրատվության մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» նախագծերին։ Նա գրում է․
««Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում որևէ նոր կարգավորում առաջարկելուց կառավարությունը պարտավոր է այն նախ քննարկել մասնագետների հետ, հետո դնել հանրային քննարկման!!!!!!
Արդարադատության նախարարությունը e-draft-ում հանրային քննարկման է դրել նախագիծ՝ առաջարկելով հաշվառման համակարգ ներդնել մեդիաների համար։ Այն, ինչ հաջողությամբ կիրառել է Արդարադատության նախարարությունը 90-ականներին, չի նշանակում, որ 20 տարի հետո արդիական կլինի»։
Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել հարցի առնչությամբ, որում ասվում է․
«Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ, որի նպատակը Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար ԱՆՎՃԱՐ դարձնելն է:
Հնարավոր թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով պարզաբանում ենք, որ e-draft.am-ը ստեղծվել է պետական մարմինների մշակած նախագծերը հանրային քննարկման ներկայացնելու համար, որը ենթադրում է, որ սպասում ենք մեր գործընկեր քաղհասարակության, ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների՝ Նախագիծն ավելի լավը դարձնելուն միտված առաջարկներին: Բացի այդ, այն առաջիկայում առանձին ուղարկվելու է ԶԼՄ-ների ղեկավարներին, ՀԿ-ներին, ինչպես նաև նախատեսում ենք շահագրգիռ կողմերի հետ հանրային քննարկման ձևաչափով հանդիպում կազմակերպել: Ոչ ոք այս հարցում Չի շտապում, ոչ ոք ցանկություն Չունի գործող իրավակարգավորումները վատթարացնող նորմեր առաջարկել: Միակ նպատակը ԶԼՄ գործընկերների կողմից երկար ժամանակ բարձրաձայնվող խնդրին լուծում տալն է՝ նորից ենք կրկնում՝ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրագրողների համար անվճար դարձնելն է: Սիրով կսպասենք Ձեր առաջարկներին»:
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը