Տեղի է ունեցել ոստիկանության զորքերի մարտական հերթապահության հերթափոխը: Ոստիկաններին պետական սահման ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա է եղել ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Նա ողջունել է ոստիկանության զորքերի ծառայողներին, մաղթել անփորձանք ու բարի ծառայություն: Վալերիյ Օսիպյանը դիրքապահներին է փոխանցել նաև հանրապետության վարչապետի ողջույնները:
Ինչպես ճանապարհման ամեն հանդիսավոր արարողության, այնպես էլ այս անգամ ոստիկանները դիրքեր մեկնելուց առաջ աղոթել են ու երդվել:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել նրանց՝ հայրենանվեր ծառայության համար: Բարեխիղճ ծառայության համար մի քանի ոստիկանների նա պարգևատրել է կրծքանշաններով ու պատվոգրերով:
Ոստիկանության պետը հանդիպել է նաև դիրքապահ ոստիկանների հարազատների հետ, որոնք նույնպես եկել էին զորամաս:
Վալերիյ Օսիպյանը շնորհակալություն է հայտնել ծնողներին՝ հայրենասեր զավակներ դաստիարակելու, իսկ ընտանիքներին՝ համբերատար սպասելու համար և նշել, որ դիրքապահ ոստիկանները ոչ միայն իրենց ընտանիքների, այլև ողջ հայ ազգի հպարտությունն են:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը