14  06  2019

«ՀԱՂԹԱՆԱԿԱԾ»․ՀՀ-Արցախ համաբուհական նոր նախաձեռնություն․ Alternativ.am



Alternativ.am-ը գրում է․ «ՀԱՂԹԱՆԱԿԱԾ»-ը համաբուհական նախաձեռնություն է, որի գլխավոր նպատակը Հայաստանի և Արցախի երիտասարդության համախմբումն է հաղթանակի գաղափարի շուրջ: 

Նախաձեռնությունը միավորում է ՀՀ և ԱՀ պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին և աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրող հայ երիտասարդներին՝ հետապնդելով մի քանի հիմնական նպատակներ, այդ թվում՝ ավելի արժևորել Արցախյան ազատամարտի հաղթանակի գաղափարը,ճանաչել մեր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ իրենց հայտնի ու անհայտ կողմերով, միավորել հայկական 2 հանրապետությունների և աշխարհասփյուռ հայության երիտասարդներին, ուսանողության շրջանում բարձրացնել հայրենասիրական ոգին, կերտել հայրենասեր, #հաղթանակած սերունդ:

«ՀԱՂԹԱՆԱԿԱԾ» նախաձեռնության խորհրդանիշներն են դարձել«Սպիտակ խաչ»-ը՝ ի նշան Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի՝ քրիստոնեական հավատով տարած հաղթանակի, և«Արիության ժապավեն»-ը, որը հանդիսանում է «Մարտական խաչ» շքանշանի ժապավենը և խորհրդանշում հայի արիությունն ու անկոտրում կամքը:

Նախաձեռնությունը այժմ արդեն ունի նաև օրհներգ, որի պրեմիերան տեղի ունեցավ Ստեփանակերտում կայացած «CONIFA»-ի եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ընթացքում սիրված ու ճանաչված երգիչ Անդրեի կատարմամբ, ով ևս միացել է այս երիտասարդական նախաձեռնությանը:

«ՀԱՂԹԱՆԱԿԱԾ» նախաձեռնության մասնակից մի քանի հարյուր երիտասարդներ տարբեր այցերով արդեն մի քանի անգամ շրջանակներում արդեն մի քանի անգամ եղել են Արցախում, մասնակցել Ժենգյալով հացի փառատոնին, չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության բացմանը, եղել Արցախի պատմական ու մշակութային տեսարժան վայրերում: Մայիսի 27-ին եռօրյա այցով Երևան են ժամանել նաև մոտ 5 տասնյակ ուսանողներ Արցախից՝ մասնակցելու Հայաստանի առաջին Հանրապետության կազմավորման օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Առաջիկա նախագծերն ու ծրագրերը շատ են ու բազմապիսի, իսկ մասնակից ուսանողների թիվը գնալով ավելի ու ավելի մեծ է լինելու

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ