Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձավ իր անձի շուրջ քննարկվող 2 ամենաաղմկահարույց թեմաներին՝ պարգևավճարներին և 40 հազար հեկտարին։
Մարզպետը նշեց՝ ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանը շփոթմամբ նշած 40 հազարին, ապա 42 հազար հեկտարը մշակվող հողատարածքներն են։
Պարգևավճարներին անդրադառնալով՝ մարզպետը նշեց, որ պարգևատրվում են քաղաքացիական ծառայողները իրենց բաժնի պետի ներկայացրած գնահատականով, իսկ մարզպետի ստորագրությամբ պարգեւատրվում են վարչության պետերն ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց։ Մարզպետը հիշեցրեց, որ ինքը վերջին անգամ պարգևավճար է ստացել բոլորիս հայտնի 104.5 տոկոսով։
Մարզպետն անդրադարձավ նաև բազմիցս քննարկված կոկորդիլոսաբուծարանի կառուցմանը՝ նշելով, որ գործընթացն ընթացքի մեջ է։
«Ներդրողը չի փոշմանել, ավելի պատրաստակամ է ծրագիրը կյանքի կոչել։ Սնահավատ չեմ, բայց աչքով տվողներ կարող է լինեն՝ բնապահպանական խնդիրներ բարձրացնողները։ Բոլորին հայտնի է որպես կոկորդիլոսաբուծարան, բայց այն էկո-այգի է, ալիքային լողավազան, մանկական խաղահրապարակներ, արագ սննդի կետեր եւ այլն»,- նշեց մարզպետը՝ հավելելով, որ ՊԵԿ-ում կոկորդիլոսի ձվի առնչությամբ խնդիրները լուծվել են։
«Իմ խոսքի մեջ եղել է հետեւյալը՝ ինչ ենք ասում, որ քանի որ չունենք մաքսային կոդ կոկորդիլոսի ձեւի մասով, ունենք մաքսային կոդ թռչնի թվի համար, ներմուծվում է թռչնի ձվի մաքսային կոդով։ Կոկորդիլոսն իր օրգան–համակարգով մոտ է թռչունին, կոկորդիլոսներն ինչ-որ ժամանակ նույնիսկ թռչել են»,– ծիծաղով նշեց Գարիկ Սարգսյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը