Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Սեդրակյանը անդրադարձան Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին։ Առանձնակի ուշադրություն դարձվեց Հայոց Եկեղեցու և տարբեր ազգային հաստատությունների կողմից ձեռնարկվող նախաձեռնություններին, շարունակվող սոցիալական, կրթական և զարգացման ծրագրերին: Մասնավոր քննարկման առարկա դարձան Մայր Հայրենիքի զարգացման ներկա փուլում Սփյուռքի ներուժի արդյունավետ օգտագործմանն ուղղված գաղափարները։
Անդրադառնալով աշխարհասփյուռ հայության կյանքում Եկեղեցու առաքելությունն առավել աշխուժացնելու և հզորացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին` Հայոց Հայրապետն ընդգծեց հոգևորականների պատրաստության ու վերապատրաստության կարևորությունը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի համայնքներում հոգևոր հովիվների պակասը լրացնելու առումով Նորին Սրբությունն իր գնահատանքը փոխանցեց ի դեմս տիար Սեդրակյանի` Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը` հոգևոր կրթօջախների գործունեությանը աջակցելու, ինչպես նաև եկեղեցականների հետագա կրթությունն արտերկրի համալսարաններում ապահովելու համար:
Զրույցի ընթացքում հատկապես կարևորվեց Միածնաէջ Մայր Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքներին աշխարհասփյուռ հայության, ազգային ու համայնքային հաստատությունների մասնակցությունը` իբրև միասնականության խորհրդանիշ։ Մտքեր փոխանակվեցին Մայր Տաճարի հոգատարության և անխաթար պահպանման նվիրական գործում ազգային-եկեղեցական կյանքին իրենց մշտական զորակցությունը ցուցաբերող բարերար հայորդիների, ինչպես նաև Հայոց Եկեղեցու յուրաքանչյուր հավատավոր զավակի աջակցությունն ապահովելու վերաբերյալ։
Հայաստանում Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող բազմատեսակ ծրագրերի շարքում առանձնացվեց դպրոցահասակ երեխաների ու պատանիների համար Հայաստանի տարբեր քաղաքներում Հայորդյաց տների գործունեությունը: Ներկայումս ՀԲԸՄ աջակցությամբ իրականացվում է Երևանում Մալաթիայի Հայորդյաց տան հիմնանորոգության ծրագիրը:
ՀԲԸՄ նախագահը, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տեղեկացնելով տարբեր համայնքներում իր հանդիպումների` ներառյալ օրերս Լիբանան կատարած այցելության մասին, շնորհակալություն հայտնեց Հայաստանում, Արցախում և Սփյուռքի համայնքներում հայապահպանությանը և հայկական մշակույթի պահպանությանն ուղղված ՀԲԸՄ բոլոր ձեռնարկներին Հայոց Եկեղեցու սպասավորների մշտական աջակցության համար։
Տիար Սեդրակյանը Վեհափառ Հայրապետի ուշադրությանը ներկայացրեց նաև Արցախում մեկնարկող մի քանի նոր ծրագրերի մանրամասները։
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին` բարձրորեն գնահատելով Մայր Աթոռին ու Հայոց Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերին Միության կողմից ցուցաբերվող շարունակական զորակցությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը