Օրերս Արարատի մարզի Արտաշատ քաղաքում պահվող կարմիրգրքյան գորշ արջը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, ինչպես նաև Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) աջակցությամբ տեղափոխվեց Ուրցաձորում գտնվող փրկարար կենտրոն: Այս մասին հաղորդում է Econews.am-ը:
Կենդանին 5 տարի շարունակ պահվել է նույն վանդակում՝ սարսափելի պայմաններում: Արջի «խնամակալ» հանդիսացող քաղաքացին նշեց, որ կենդանին մոտ 9-10 տարեկան է, իրենց մոտ է հայտնվել մոտ 5 տարի առաջ՝ Պաշտպանության նախարարությունից: Այն ժամանակ արջին ՊՆ-ից բերել են «բնապահպանները»: Այս մասին մանրամասն տեղեկություններ քաղաքացին չցանկացավ տրամադրել:
Հիշեցնենք, որ գորշ արջն (Ursus arctos) ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և ներկայումս տեսակն ընդգրկված է նաև ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»` VU B2ab (iii,iv):
ԿԳ տվյալների համաձայն՝ շատ մեծ արեալ (Եվրասիա և Հյուսիսային Ամերիկա) ունեցող տեսակ է: Հանդիպում է Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Երբեմն կարող է մտնել Շիրակի և Արագածոտնի մարզեր: Գրանցվել է ծ.մ. 400-500 մինչև 3000 մ բարձրություններում: ՀՀ կենդանիների կարմիր գրքի տվյալներով, թվաքանակը հայտնի չէ, սակայն հավանաբար կայուն է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը