Ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում շորթման փաստով:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, երեկ՝ մայիսի 15-ին, ոստիկանության Ապարանի բաժին տեղեկություն է ստացվել, որ մայիսի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ պաշտպանության նախարարության ժամկետային զինծառայող, 19-ամյա Գևորգ Սարգսյանին, ով գտնվելիս է եղել կարճաժամկետ արձակուրդի մեջ, Ապարան քաղաքի բնակիչ, 39-ամյա Կարեն Եղիազարյանը և նրա եղբայրը՝ Երևան քաղաքի բնակիչ, 41-ամյա Հայկ Եղիազարյանը, կանչել են Ապարան քաղաքի Մ. Բաղրամյան փողոցի թիվ 45 հասցեում գտնվող «Գնթունիկ» սուպերմարկետ, որտեղ ծեծի են ենթարկել և հայտնել, որ նա սուպերմարկետից հափշտակել է 5 մլն 400 հազար դրամ գումար:
Գ. Սարգսյանը հրավիրվել է ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ հայտնել է, որ Կ. Եղիազարյանը իրեն ծեծի է ենթարկել, իսկ Հ. Եղիազարյանը սպառնացել է ու պահանջել, որ կես ժամվա ընթացքում նշված գումարը վերադարձնի: Կ. և Հ. Եզիազարյանները իրեն սպառնացել են նաև, որ եթե այդ մասին նա որևիցե մեկին հայտնի, այդ թվում՝ ոստիկանություն, ապա ինքն է դատվելու:
Ապարանի բնակիչ, 18-ամյա Փ. Թ.-ն զանգահարել է Ապարան քաղաքի «Գնթունիկ» սուպերմարկետի մենեջեր, 25-ամյա Տիգրան Հարությունյանին և հրավիրել սուպերմարկետ, որտեղ Հ. և Կ. Եղիազարյանները նորից պնդել են, որ սուպերմարկետի դրամարկղից պակասում է նշված գումարը, որից հետո, ըստ ահազանգողի, Հ. և Կ. Եղիազարյանները ծեծի են ենթարկել Գ. Սարգսյանին՝ պահանջելով, որ գումարը վերադարձնի: Կ. Եղիազարյանը Ապարանի քաղաքապետն է:
Կոտայքի մարզում ևս վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի հարևանությամբ գտնվող տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Աբովյան քաղաքի բնակիչ 29-ամյա Ռուբեն Պետրոսյանի և Կոտայքի մարզի Գեղամեջ գյուղի բնակիչ 40-ամյա Գևորգ Հովհաննիսյանի միջև: վիճաբանության ժամանակ Ռուբեն Պետրոսյանը մի քանի հարված է հասցրել Գևորգ Հովհանիսյանին։
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ աղբյուրի՝ տուժած քաղաքացին աշխատում է «Իրավունքի սահման» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, իսկ Ռուբեն Պետրոսյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եղբայրն է:
Hraparak.am-ը դեպքից այլ մանրամասներ է հայտնում։ Գևորգ Հովհանիսյանը գնացել է խմբագրություն եւ պատմել, որ մարզպետի եղբայրը բազմիցս իրեն տեսնելու ցանկություն է հայտնել եւ այսօր ի վերջ հանդիպել են․ «Մայիսի 16-ին, ժամը 12․55-ի սահմաններում ես գալիս էի աշխատանքի՝ իմ տրանսպորտային միջոցով։ Տեսա՝ մարզպետի եղբայրը երթևեկում է իր մեքենայով։ Կանգնացրեցի մեքենաս, մոտեցա, քաղաքավարի, եղբա՛յր, ուզում ես ինձ տեսնես, էս եմ, ասա։ Ասում ա՝ արա, դու շառ ես, թող գնա։ Ասում եմ՝ ընգեր, էդ երանգդ փոխի, ես քեզ վիրավորելու ոչ առիթ եմ տվել, ոչ էլ էդքան արժանիք ունես, բա արի ասեմ ու սկսեց հարվածները, ես անընդհատ խույս եմ տվել, մի տասը մետր հեռու գնացի, բայց ինքը գալիս էր, հետապնդում էր ինձ։ Ինքը հետապնդեց ինձ նաև մեքենայով, ընթացքի ժամանակ հարվածեց իմ մեքենային ու ասաց՝ քեզ հլը էլի տենալու եմ»։
Նա նաեւ նշել է, որ մարզպետի եղբայրը մի քանի անգամ հարվածել է իր դեմքին․ «Ինքն է հարվածել վեցից յոթ անգամ՝ իմանալով, որ պահեստազորի սպա եմ։ Ես էլ փողոցում հո խուլիգան չեմ, ուզու՞մ ես մարտնչենք, գնանք ռինգ, որ հետո քաղմասը չգա իմ հետևից, որովհետև սաղ մարզին բռնել տվեցին ու ինչքան նորմալ մարդ կար, վրեն նյութեր սարքեցին՝ հիմնավոր, թե անհիմն»։
Գևորգ Հովհանիսյանը պատմել է, որ իր ղեկավարած ընկերությունը զբաղվում է իրավապաշտպան գործունեությամբ, հաճախ Կոտայքի մարզպետարան ուղարկել է գրություններ, որոնք մարզպետին ու նրա եղբորը դուր չեն եկել։ Դրանից հետո մարզպետի եղբայրը տարբեր տեղերում ցանկություն է հայտնել «տենալու» իրեն, ինչն էլ ավարտվել է ծեծով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը