20 04 2019

Յուրօրինակ պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը պատասխանում է ֆեյքերի հարցերին

Յուրօրինակ պայքար ֆեյքերի դեմ․ Փաշինյանը պատասխանում է ֆեյքերի հարցերին

Ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երկու ժամից ավելի ուղիղ եթերում էր: Նա սկզբում անդրադարձավ իր տված խոստումներին, հետո պատասխանեց ամենից շատ «լայք» հավաքած հարցերին: Վարչապետը որոշ հարցերի պատասխանելու համար տեղեկանքներ էր պահանջել պատկան մարմիններից, վիճակագրական տվյալներ ուներ ձեռքի տակ: Հարցերին նախապես ծանոթացել էր, հետևաբար հարց տվողներին՝ ևս:

Հատկանշանական է, որ 20 հարց ուղղողների ցանկում էին «Black Zone»-ը, «Մատնահարդարում»-ը, «Մրգաշեն»-ը, «Հաճն»-ը, «Հայ ծնողների ակումբ»-ը, «Հայելի ՀակաԲլոգ»-ը: Ուղիղ շփման կարոտ վարչապետը կարդում և պատասխանում էր անհայատ, ֆեյք էջերի հարցերին: Այստեղ տեղին է հիշել, որ ոչ վաղ անցյալում ՀՀ վարչապետը կառավարության նիստերից մեկի ժամանակ երկրի ազգային անվտանգությամբ զբաղվող կառույցի ղեկավարին հանձնարարել էր զբաղվել ֆեյք, մանիպուլյացիաներ տարածող էջերով: Հանձնարականից անմիջապես օրեր անց նման մի ֆեյսբուքյան էջի մոդերատոր կալանավորվեց:

Ստացվում է՝ վարչապետը չի թողնում, որ ԱԱԾ տնօրենը աշխատի, մինչ Արթուր Վանեցյանը վարչապետի՝ մի շարք քննադատությունների արժանացած հանձնարականն է կատարում, վարչապետը ուղիղ եթերով առաջին պլան է բերում ֆեյքերին: Մի փոքրիկ նրբություն ևս, այդ չորս էջերից երկուսը ընդգծված իշխանամետ հրապարակումներով են հանդես գալիս՝ ծաղրի ենթարկելով ընդիմադիր գործիչներին:

Բայց սա դեռ ամենը չէ:

Ֆեյքերի դեմ պայքարող վարչապետին ֆեյք էջերից մեկը՝ «Հայելի ՀակաԲլոգ»-ը, իր ծրագիրն էր ներկայացրնում, թե ինչպես պայքարել ֆեյքերի դեմ: Վարչապետն էլ կարդաց, քննարկեց, իրատեսական համարեց այն, ավելին ասաց, որ իր օգնականին կհանձնարարի՝ կապվել օգտատիրոջ հետ:

Ի դեպ, անգամ ֆեյքերի հետ վարչապետի շփումն է ընտրողաբար․ այսպես ասած՝ «ընդդիմադիր» ֆեյքերի նկատմամբ ուշադրություն վարչապետի կողմից չտեսանք։

Black Zone «Սիրելի պարոն Փաշինյան մենք հարց չունենք, բայց ունենք մի մեծ խնդրանք մեր ամբողջ հետևորդների անունից խնդրում ենք, ներեք մաքսատան այն աշխատակցին, որը դիմում գրեց և ազատվեց Ձեր կոչով։ Իսկապես մենք գիտակցում ենք, որ նա մեծ սխալ է արել դրոշը գետնին թողնելով, բայց մեզ հարուրավոր նամակներ են գրում որպեսզի մենք բարձրացնենք այս հարցը։ Հույս ունենք կկարդաք մեր խնդրանքը և կարձագանքեք․

Սիրով Black Zone ????»

Հայ ծնողների ակումբ «Պրն Փաշինյան, քանի որ մոտենում է հունիսի 1-ը` երեխաների պաշտպանության օրը, և աշխատող ծնողներն էլի չեն կարողանալու այդ օրը իրենց ժամանակը անցկացնել երեխաների հետ ու մասնակցել հատուկ այդ օրը նրանց համար կազմակերեպած միջոցառումներին,հնարավո՞ր է քննարկել տարբերակ` օրենքով թույլատրելու ծնողներին ցանկության դեպքում բացակայել աշխատանաքից ու երեխաների հետ միասին նշել երեխաների տոնը»:

Հայելի ՀակաԲլոգ «☢⛔Բարև Ձեզ պարոն վարչապետ, հարգանքներս։ Վստահ եղեք, որ մինչև վերջ Ձեր հետ ենք, դուխով)։ Իսկ հիմա առաջարկիս մասին։ Առաջարկում եմ ստեղծել հատուկ խումբ, որը կոնկրետ կզբաղվի համացանցի ֆիլտրմամբ(fb)։ Ես ու իմ թիմը մոտ 1 տարի պայքարում ենք համացանցում տիրող կեղծիքի դեմ: Մենք կօգնենք, որպեսզի բացահայտվեն բոլոր կեղծ լուրերը, դրանց աղբյուրները և պետության դեմ սաբոտաժ կազմակերպողները: Բացի դա, իմ էջում քննարկման արդյունքում, fb օգտատեր՝ Мэри Мэрилинը առաջարկեց մի հրաշալի flashmob/ակցիա, որը անվանեցինք՝ 1$+1$+1$... Միտքը հետևյալն ա. Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են աջակցեն իրենց հայրենիքին` շենացման գործում, ովքեր վստահում են կառավարությանը, ամեն ամսվա վերջ, պետական որևէ X հաշվեհամարի, որը դուք կնշեք, ուղարկեն ընդամենը 1$: Մենք ունենք միլիոնավոր հայրենակիցներ, որոնք վստահ եմ կմիանան ակցիային և ամեն ամսվա վերջ, բոնուսի տեսքով մենք կունենանք միջինը 5 միլիոն դոլար, որը կծառայի ի շահ մեր հայրենիքին:Մնում ա դուք ձեր добро-ն տաք)»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ