Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ-6) ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի 2-րդ փուլի (Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ) շինարարական աշխատանքները, որոնց մեկնարկը տրվել էր 2018թ. մայիսին, վերսկսվել են։ Բարենպաստ եղանակը թույլ է տալիս շինարարությանը լայն թափ հաղորդել։
Իրականացվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների եւ հենապատերի կառուցման, ջրագծերի տեղափոխման, ասֆալտբետոնե ծածկի մաշված շերտի հեռացման աշխատանքներ։
Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհի՝ Ալավերդի քաղաքով անցնող տեղամասին։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչները վստահեցնում են, որ կանեն հնարավորը Ալավերդի քաղաքի վարչական տարածքում մայթերի կառուցումը, երթեւեկամասի նոր հիմքի տեղադրումը եւ կամուրջների վերանորոգումն արագ ավարտելու համար, որպեսզի ամռանն արդեն սկսեն նշված ճանապարհահատվածի ասֆալտապատումը։
Նշենք, որ շինարարության առաջին փուլով Վանաձորից մինչեւ Թումանյան կայարան 38.45 կմ հատվածում նախատեսված աշխատանքներն ավարտվել են, ճանապարհահատվածը հանձնվել է շահագործման:
Հիմնանորոգվող ավտոճանապարհի 2-րդ հատվածը, որի երկարությունը 51.74 կմ է, ընդգրկում է Թումանյան կայարանից մինչեւ Բագրատաշենի սահմանային անցակետ ընկած ճանապարհահատվածը։
Շինարարական աշխատանքների ավարտը նախատեսված է 2020թ. տարեվերջին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը