Մարտի 22-ին «Լույս» խմբակցության քարտուղար Անի Խաչատրյանը ավագանու արտահերթ նիստին խոսեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցը վերանվանելու մասին: Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ, գեղասահքի բազմակի չեմպիոն Իրինա Ռոդնինան, ում անունը կրում է Երևանում գործող գեղասահքի մարզադպրոցը, մասնակցել է փետրվարի 26-ին Բաքվում կայացած երթին` նվիրած այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» զոհերի հիշատակին:
Անի Խաչատրյանը նշեց, որ 2015 թվականից Երևանում գործում է Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը, և վերջին շաբաթների ընթացքում «Լույս» բանակցություններ է իրականացրել և որոշել են գեղասահքի դպրոցը վերանվանել «Հայ-ռուսական գեղասահքի դպրոց»:
Անի Խաչատրյանը նշեց, որ եթե չլինի համագործակցություն, ապա իրենք կսկսեն ստորագրահավաք, որ առաջիկա երեքշաբի օրը արտահերթ նիստ հրավիրվի: Քաղաքապետ Հայկ Մարությանը հիշեցրեց, որ ընթացակարգով պետք է հավաքի ստորագրությունների մեկ երրորդը:
«Իմ քայլը» խմբակցության ներկայացնուցիչ Հայկ Հովհաննիսյանը, արձագանքելով «Լույս» խմբակցութան այդ առաջարկին, ասաց, որ նախքան ինչ-որ փողոցի, հրապարակի կամ շենքի անուն փոխելը կարելի է հարցը դնել հանրային քննարկման՝ հասկանալու համար՝ ինչ ենք ուզում, ինչի համար և ում անվան ենք ցանկանում անվանափոխել:
Տեղից միջամտեց Անի Խաչատրյանը և հարցրեց, թե մնացած հարցերը ինչո՞ւ չեն քննարկել: «Իսկ դուք ինչո՞ւ չեք քննարկել»,-հակադարձեց Հայկ Հովհաննիսյանը:
Անի Խաչատրյանը պնդեց, որ մեկ ամիսը հարցը ֆեյսբուքում եղել է քննարկման և չի եղել մեկը, ով դեմ լինի: Հայկ Հովհաննիսյանն էլ շարունակեց.
«Նույն հաջողությամբ Եվրոպական երկրներից մեկ ուրիշ քաղաքական գործիչ կարող էր գնալ Խոջալու, ասենք, Ֆրանսիայից, պետք է ասենք Ֆրանսիայի հրապարակը շուտափույթ պետք է փոխե՞նք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը