Blog.168.am-ը գրում է․ «Մարտի 21-ին ավարտվում է հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու ժամկետը։
Առայժմ հայտ է ներկայացրել 3 անձ։
Հայտնի է, որ առաջադրվելու մտադրություն ունի «Ա1+»-ի խմբագիր Մեսրոպ Մովսեսյանը։
Բնավ չթերագնահատելով մասնակիցներից որևէ մեկի մասնագիտական որակները, այնուամենայնիվ, կարծում ենք, որ իշխանությունը հենց Մեսրոպ Մովսեսյանին կվստահի այդ աշխատանքը։
Հաշվի առնելով նաև Մեսրոպ Մովսեսյանի և իր հեռուստաընկերության նկատմամբ իշխանության եղած նախկին ընդդիմադիրների դրական վերաբերմունքը և տարիներ ի վեր կողմնակից լինելը, այս տարբերակը կարելի է դիտարկել ամենաարդիականներից։
Երբ «Ա1+» հեռուստաընկերությունը չհաղթեց հեռահաղորդակցության լիցենզիա ստանալու մրցույթում, շատերն էին նշում, որ այն հաղթելու դեպքում դառնալու էր Հայաստանի լավագույն հեռուստաընկերությունը։
Այժմ, երբ հնարավորություն կա նաև արդարությունը վերականգնել, կարելի է հենց Մովսեսյանին վստահել այդ աշխատանքը՝ տեսնելու, թե «Ա1+»-ի կառավարման մոտեցումներն ինչ բարձունքի կհասցնեն Հանրային հեռուստատեսությունը և ռադիոն։ Բացի այդ, եթե Մովսեսյանը չհաղթի, ապա կարող ենք համարել, որ «Ա1+»-ը փակվեց ևս մեկ անգամ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը