Politik.am-ը գրում է.
«Արդեն 9 ամիս է` ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ համայնքում իրականացնում է կրթամշակութային ծրագիր։ «Մշակութային զարգացում և առաջընթաց» ծրագրի նպատակը կրթամշակութային կենտրոնի ստեղծման ու գործունեության միջոցով ֆերիկի դպրոցահասակ երեխաներին կրթել, նրանց մոտ մշակույթի ու գիտության նկատմամբ հետաքրքրություն սերմանել, դրանով իսկ նպաստել նրանց ընտանիքների կրթական մակարդակի ու իրազեկվածության բարձրացմանը, հետևապես՝ համայնքի զարգացմանը: Ծրագրի նպատակը նաև համայնքի կանանց հմտությունների զարգացման դասընթացներ իրականացնելն է։
Ծրագրի ղեկավարը «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Զեմֆիրա Քալաշյանն է։ Նրա համոզմամբ՝ ծրագրի շնորհիվ իրենք կարողացել են զարգացնել համայնքի մշակութային կյանքը․
«Երեխաների հետ անցկացվել են դասընթացներ մշակութային տարբեր ոլորտների վերաբերյալ, քննարկվել են մշակութային տարբեր թեմաներ։ Հիմնական մեխը եղել է թատերական արվեստը, որի հիմնասյունը մեր թատերական խմբակն է։ Խմբակը ղեկավարում է երիտասարդ դերասանուհի Էմմի Սարդարյանը։ Խմբակի միջոցով մենք փորձում ենք երեխաներին, նրանց միջոցով նաև իրենց ընտանիքներին առավել մոտեցնել մշակությին»,-ասում է Զեմֆիրա Քալաշյանը:
Ծրագրի մյուս հատվածում, որտեղ աշխատանք է տարվում համայնքի կանանց հետ, փորձ է արվում նոր հմտություններ փոխանցել նրանց․
«Կանայք մեզ մոտ սովորում են շուղագործություն, քննարկում են տարբեր թեմաներ երեխաների կրթության և դաստիրակության մասին։ Ի վերջո, հենց կանայք են զբաղվում երեխաների դաստիարակությամբ, և նրանց դերը շատ մեծ է երեխաների աշխարհայացքի ձևավորման հարցում։ Ուստի, կանանց հետ աշխատանքը հատկապես կարևորում ենք»,-ասում է Զեմֆիրա Քալաշյանը։
Ծրագիրը ավարտին է մոտենում և ապրիլ ամսին ավարտական միջոցառմամբ կփակվի, բայց Զեմֆիրա Քալաշյանը հույս ունի, որ կկարողանան ճանապարհ գտնել, որպեսզի կենտրոնը շարունակի իր գործունեությունը․«Ծրագիրը շատ արդյունավետ է, և մենք ամեն բան անելու ենք, որպեսզի ծրագրի ավարտից հետո էլ կենտրոնը շարունակի իր գործունեությունը։ Կենտրոնը փոխել է շահառուների հոգեբանությունը և երեխաները առավել անկաշկանդ են դարձել, առավել մեծացել է նրանց ձգտումը դեպի կրթություն։
Մենք անպայման շարունակելու ենք այս հրաշալի ծրագիրը»,-եզրափակեց իր խոսքը Զեմֆիրա Քալաշյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը