Zham.am-ը գրում է.
«Ինչպես հայտնի է, օրերս ադրբեջանցիները մեծ շուքով նշեցին, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» տարելիցը: Այդ առիթով Ադրբեջանի նախագահը մեծ ելույթով հանդես եկավ, իսկ պաշտոնական միջոցառումներին, նվիրված Խոջալուին, հրավիրված էին նույնիսկ Ռուսաստանի Պետդումայի մի շարք պատգամավորներ, քաղաքագետներ, հասարակական գործիչներ: Եվ ամենուրեք հնչում էր Հայաստանին դատապարտող ձևակերպումներ: Մի խոսքով, այդ միջոցառմանը պետությունը լուրջ էր նախապատրաստվել և ոչ ոք չէր հիշում, որ կարծես թե «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստվելու» գործնթացները պետք է ադրբեջանական կողմին էլ վերաբերվեին:
Այնուհետև եկավ, այսպես ասած, Սումգայիթի տարելիցը նշելու օրը, և ադրբեջանական բոլոր փորձագետները գոհունակությամբ նշեցին, որ ի տարբերություն Բաքվի, Փաշինյանի իշխանությունը Հայաստանում Սումգայիթը մեծ շուքով չնշեց: Այստեղ Փաշինյանը նախապատվությունը տվեց մարտի 1-ի տարելիցին, նշում են ադրբեջանցի դիտորդները: Պատճառն էլ, ըստ ադրբեջանցիների, նույնպես հասկանալի է, Փաշինյանը մարտի 1-ով հույս ունի վերջնականապես խաղից դուրս հանել, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանին», որպեսզի հետո կարողանա հեշտորեն այն զիջումներին գնալ, որի մասին անցած տարվա վերջում խոսում էր Մամեդյարովը:
Ադրբեջանցիները հատուկ ընդգծում են, քանի դեռ իշխանության մեջ Փաշինյանն է, պետք շտապել, հետո կարող է ուշ լինել: Ըստ նրանց, բոլթոնյան ծրագիրը Փաշինյանի կողմից ոչ թե վերջնականապես մերժված է, այլ ժամանակավորապես արռկախված է: Ադրբեջանցի վերլուծաբանների մի մասի կարծիքով Փաշինյանին ժամանակ պետք է տալ, որպեսզի ինքը կարողանա լուծել իր ներքին խնդիրները, ամրապնդվի և հետո նրանից պահանջել զիջումներ: Վերլուծաբանների մյուս մասի կարծիքով էլ, Հայաստանում այնպիսի մթնոլորտ է, որ Փաշինյանը երբևիցե չի կարողանա գնալ լուրջ զիջումների: Վերլուծաբանների այս մասը այնքան է լկտիացել, որ որպես իրենց այս թեզի փաստարկ, բերում է այն օրինակը, որ իրենց կարծիքով Փաշինյանը Սումգայիթի դեպքերի մասին որևէ ձևով չպիտի արձագանքեր, քանզի, ըստ նրանց, դա «չէր տեղավորվում ժողովուրդներին խաղաղությանը պատրաստելիք ծրագրերին»: Եվ քանի դեռ Հայաստանում Սումգայիթը հիշում են, Փաշինյանին երբևրցե չի հաջողվի գնալ լուրջ զիջումների, եթե նույնիսկ շատ ցանկանա:
Այս վերլուծություններում ամենաողբերգականը այն է, որ ադրբեջանցիները իսկապես մեծ հույս են ունեցել, որ «Նոր Հայաստանի» ղեկավարը կարող էր միակողմանի զիջումների գնալ, ներողություն խնդրել «25-ամյա օկուպացիայի համար», հրաժարվել Թուրքիային մեղադրելուց՝ Ցեղասպանության համար, Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի անբաժանելի մաս և որից հետո միայն ադրբեջանցիները մտածեին՝ ներեին հայերին, թե ՝ ոչ:
Պետք է նշել, որ այս ամենի համար ադրբեջանցիներին մեղադրել չի կարելի: Մենք ենք այդ առիթը տվել, որ նրանք այդպես մտածեն:
Քանզի մենք պատկանում ենք այն ազգերի շարքին, որոնք չունեն անվտանգության տարրական բնազդ:
Սա է իրականությունը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը