26 02 2019

Լրատվամիջոցներին կվտարե՞ն Բուզանդի 1/3 շենքից

Լրատվամիջոցներին կվտարե՞ն Բուզանդի 1/3 շենքից

Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Բուզանդի 1/3 շենքում գտնվող լրատվամիջոցները պետք է լքեն տարածքը հինգ օրվա ընթացքում։

«Հրապարակ» օրաթերթը հայտնում է․ «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատակիցները վերջերս դեսանտ էին իջել Բուզանդի ⅓ շենքում։ Այստեղ մի քանի տասնյակ գրասենյակներ են տեղավորված՝ խմբագրություններ, մամուլի ակումբներ, կուսակցական աշխատասենյակներ։ Պտտվում էին չինովնիկները սենյակներով, թղթեր էին ստուգում, տեսնում էին, ով է փող տալիս, ով՝ ոչ, ումից ինչ կարելի է ստանալ քաղաքապետարանի բյուջեն ավելացնելու համար։ Եւ ահա նրանք, ումից քաղաքապետը ոչինչ չունի ստանալու, մասնավորապես «Հրապարակ» թերթից, այսօր սև թուղթ ստացան․ «Երևան համայնքը հրաժարվում է «Հրապարակ» օրաթերթի հետ կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագրից»։

Քաղաքապետն առաջարկում է ծանուցումը ստանալու պահից մեկ ամիս անց հնգօրյա ժամկետում ազատել տարածքը։ «Հայտնում եմ, որ համայնքային սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ կառավարման նպատակով, ելնելով Երևան համայնքի շահերից ներկայումս Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Երևան համայնքի սեփականություն հանդիսացող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքների օգտագործման հիմնավորվածության հարցը, որի շրջանակներում նախատեսվում է դադարեցնել տարածքների անհատույց օգտագործումը և քննարկել վարձակալության սկզբունքով դրանց հետագա օգտագործման նպատակահարմարության հարցը»։

Մամուլին շենքից հանում են «Երևան քաղաքի շահերից» ելնելով, տարածքներն «ավելի արդյունավետ կառավարելու» նպատակով։ Թեև երևանցուն ոչ ոք չի հարցրել, թե ինչպես կուզեր տնօրինել այս տարածքը և իր ձայնը վերևներում լսելի դարձնելու ինչ ավելի արդյունավետ գործիք ունի նա, ազատ մամուլից բացի։ Հղում է արվում քաղաքացիական օրենսգրքի 697 հոդվածին, որի համաձայն «Կողմերից յուրաքանչյուրը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել գույքի անհատույց օգտագործման պայմանագրից` մեկ ամիս առաջ այդ մասին ծանուցելով մյուս կողմին, եթե ծանուցման այլ ժամկետ նախատեսված չէ պայմանագրով»: Ավագանու որոշում «Հրապարակի» հետ պայմանագիրը խզելու չկա, մինչդեռ տարածքն այս մեզ էր հատկացվել ավագանու որոշմամբ։ 

Վերջին 5-6 տարին Երևանի ավագանու որոշմամբ Բուզանդի ⅓ շենքի 4-րդ հարկում գտնվող մոտ 90 քմ գրասենյակային տարածքը մինչև 14․02․2020 թվականը անհատույց տրվել է «Հրապարակ» թերթի խմբագրությանը։ Նախագահը Սերժ Սարգսյանն էր, վարչապետը Տիգրան Սարգսյանն էր, քաղաքապետը Գագիկ Բեգլարյանը։ Քրեաօլիգարխիկ խորը ճահճում էինք ապրում-քննադատում իշխանությանը, բայց կար չգրված օրենք, որին ենթարկվում էր նաև իշխանությունը՝ թերթը իր եկամուտներով ի վիճակի չի տարածք վարձակալել։

Թերթին տնտեսապես նեղ վիճակում դնողն անմիջապես մեղադրվում էր ազատ խոսքը ճնշելու մեջ։ Նոր իշխանությունների ժամանակ թերթերի վիճակը չփոխվեց։ Լրագրող վարչապետը կարծես ամեն ինչ անում է իր նախկին կոլեգաների վիճակը ծանրացնելու համար։ Եթե նախկինում պետական մարմինները հաճախ բաժանորդագրվում էին ազատ մամուլին, որոշակի մշտական եկամուտ ապահովելով թերթերի համար, Փաշինյանի կառավարությունը նոր գործառույթներ հաղորդեց իր տեղեկատվության կենտրոնին, ընդլայնեց վերջինիս հաստիքակազմը, և ահա մի ահռելի աշխատակազմ ամեն օր մամուլ ու «ֆեյսբուք» է կոնսպեկտավորում, ուղարկում նախարարություններ, և ազատ մամուլի բաժանորդագրությունն ինքնին անիմաստ է դառնում։

Պահանջում ենք քաղաքապետից մանրամասն հիմնավորել, թե ո՞ր օրենսդրական ակտերով եք ղեկավարվել մեզ տարածքն ազատելու պահանջներ ներկայացնելիս, ինչպե՞ս եք պատկերացնում մեզ անխուսափելիորեն պատճառվող իրական վնասի չափը և այն հատուցելու պատասխանատվությունը, հասկանո՞ւմ եք արդյոք, որ այդպիսի հապճեպությունն ու ոչ իրավաչափ նախաձեռնությունը աղերսներ ունի զանգվածային լրատվության միջոցների հետապնդման հետ, գիտակցո՞ւմ եք արդյոք, որ «Հրապարակին» տարածքից վռնդելը հանրության կողմից ընկալվելու է որպես Ձեզ մշտապես քննադատող լրատվամիջոցին լռեցնելու քայլ»։

Օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը News.am-ի հետ զրույցում հայտնել է, որ տարածքն ազատելու ծանուցում ստացել են այդ շենքում գտնվող բոլոր լրատվամիջոցները. «Ծանուցում  եմ ստացել, որտեղ ասվում է, որ հնգօրյա ժամկետում պետք է ազատենք տարածքը եւ  հանձնենք գույքի սեփականատեր Երեւան համայնքին, քանի որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն այդպես է որոշել»։

Օհանյանը տեղեկացրել է, որ ժամանակին Երեւանի ավագանու որոշմամբ այս տարածքը  լրատվամիջոցներին տրվել է անհատույց, եւ տարիների շարունակ 5-6 լրատվական կազմակերպություն գործունեություն են ծավալել այդ շենքում։ Օրինակ, «Հրապարակ» օրաթերթը  2009թ.–ից, «Հայելի» ակումբը՝ 2007թ.-ից է։

«Հրապարակ» օրաթերթի խմբագիրը մտադիր է բողոքարկել Երեւանի քաղաքապետի որոշումը, բայց մինչ այդ անհրաժեշտ է համարում հստակեցնել, թե ինչ հիմքերով է կայացվել որոշումը։ «Իհարկե կողոքարկենք։ Երբ եկել եմ այստեղ ամայի տարածք էր, դատարկ չորս պատ, եւ շատ մեծ գումարներ ենք ծախսել այս ընթացքում. նորոգել ենք, պատուհաններ փոխել, տարիներ շարունակ բարեխղճորեն սպասարկման գումար վճարել։ Այսինքն եթե պետությունը մի փոքր ժեստ է արել եւ ազատել մեզ վարձակալական գումարներից, բայց մենք էլ մեր պարտականություններն ենք բարեխղճորեն կատարել՝ գտնվելով այս շենքում։ Հիմա ինչի՞ հիման վրա եւ ի՞նչ են ուզում անել այս շենքի հետ։ Ի վերջո, արդյոք բոլո՞ր լրատվամիջոցների նկատմամբ է այս վերաբերմունքը։ Օրինակ, «Հայկական ժամանակ»–ին Իսրայելյան 37 հասցեից հանելու են, թե որոշել են միայն «Հրապարակին» հանել, քանի որ մենք իշխանության կողմից չսիրված լրատվամիջոցների թվին ենք պատկանում»,– նշել է Օհանյանը։

Հարցին՝ տեսնո՞ւմ է արդոք միտում տեղի ունեցածի հետ կապված՝ Օհանյանը նշել է․ «Դե, իհարկե։ Պարզ չէ՞, որ միտում կա, եթե պետությունը տարբեր վերաբերմունք է ցուցաբերում տարբեր լրատվամիջոցների նկատմամբ։ Ի վերջո, ամբողջ աշխարհում ընդունված է, որ պետությունը սուբսիդիաներ է տրամադրում լրատվամիջոցներին, հարկերից է ազատում, տպագրական դրամաշնորհներ են տրամադրվում , հազար ու մի պայման են ստեղծում։ Մեզ համար ի՞նչ են արել։ Ընդամենն ազատել են վարձակալության գումարներից, ասելով, որ կարող եք շենքում ձեր գործունեությունը ծավալել։ Հիմա ի՞նչ է փոխվել։ Պարզվում  է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության իշխանությունը մամուլի եւ ժողովրդավարության արժեքն ավելի լավ է հասկանում, քան նոր իշխանությունները»։

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, անդրադառնալով թեմային, ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ քաղաքապետարանը որեւէ սուբյեկտի, այդ թվում, հատկապես, որեւէ լրատվամիջոցի, զբաղեցրած տարածքից վտարելու մտադրություն չունի:

«Երեւանի քաղաքապետարանը համայնքային սեփականություն հանդիսացող գույքի առավել արդյունավետ կառավարման նպատակով օրերս ծանուցումներ է ուղարկել մի քանի տասնյակ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, որոնք տարածքներ են զբաղեցնում համայնքին պատկանող շինություններում՝ անհատույց օգտագործման կամ վարձակալության հիմունքներոով:

Մասնավորապես, ս.թ. փետրվարի 21-ին ծանուցումներ են ուղարկվել Բուզանդի փողոցի 1/3 հասցեում տարատեսակ գործունեություն իրականացնող 27 իրավաբանական եւ ֆիզիկական անձանց: Դրանց թվում են շահույթ հետապնդող կազմակերպություններ՝ բանկեր, տպարաններ, սննդի օբյեկտներ, լրատվամիջոցներ եւ այլն, ինչպես նաեւ շահույթ չհետապնոդ այլ անձինք ու կազմակերպություններ, ՀԿ-ներ, քաղաքական կուսակցություններ, կառավարական հիմնարկներ (!), լրատվամիջոցներ եւ այլք:

Քաղաքի իշխանությունը այս տարածքների հարցում խնդիր ունի՝ որոշակիացնելու օգտագործման պայմանները այն առումով, որ շատ դեպքերում հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով է տվյալ կազմակերպությունը տարածքն օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ: Որովհետեւ, օրինակ, նույն «Հրապարակ» օրաթերթը կամ «Ա1+» հեռուստաընկերությունն իրենց զբաղեցրած տարածքներն օգտագործում են անհատույց, բայց, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց՝ «Հետքը», նույն շենքում գտնվող իր տարածքը վարձակալում է: Գործընթացի արդյունքում կսահմանվեն օգտագործման օպտիմալ ձեւերը եւ պայմանները:

Ուղարկված՝ պայմանագրից հրաժարվելու ծանուցումները, այսպիսով, ընդամենը սկիզբն են նշված գործընթացի, որի նպատակը հավասար պայմանների ստեղծումն է՝ տարածքը անհատուց կամ վարձակալությամբ օգտագործելու դեպքերում: Ծանուցումը մեխանիկորեն չի հանգեցնում օգտագործման իրավունքի դադարեցման, այսինքն, ստորեւ բերված փաստաթղթերում նշված «ծանուցումն ստանալու պահից (փետրվարի 21-ից) մեկ ամիս անց՝ հնգօրյա ժամկետում տարածքն ազատելու» դրույթը ինքնաբերաբար չի ենթադրում, որ կազմակերպությունները պետք է ազատեն տարածքը: Ըստ մշակված չափորոշիչների, յուրաքանչուր դեպքով կկայացվի որոշում:

Ավելորդ է նշել, որ գործընթացը լրատվամիջոցների աշխատանքի պայմանները վատթարացնելու կամ, առավելեւս, «ի պատասխան քննադատության» լրատվամիջոցին քաղաքական հետապնդման ենթարկելու հետ որեւէ աղերս չունի եւ չի կարող ունենալ: Ասվածի լավագույն ապացույցն այն է, որ, ինչպես նշեցինք, ծանուցումներ են ուղարկվել 27 կազմակերպությունների եւ անձանց, այդ թվում՝ կառավարական հիմնարկների:

Քաղաքային գործող վարչակազմը քաղաքի կառավարումն ստանձնելու պահից ի վեր աշխատանքի մեկ հիմնարար սկզբունք ունի. գործել՝ ելնելով բացառապես համայնքի շահերից: Այդ գործելաոճի բաղկացուցիչներից է հատկապես լրատվամիջոցների հետ առավելագույնս բաց եւ թափանցիկ աշխատանքը, որի արդյունքում մեդիան առանց որեւէ խոչընդոտի քաղաքապետարանի եւ ավագանու աշխատանքները լուսաբանելու հնարավորություն է ստացել, եւ որի միջոցով հանրությունը պարբերաբար օպերատիվ տեղեկատվություն է ստանում քաղաքին վերաբերող ցանկացած խնդրի մասին: Մի բան, որը (վստահ եմ, լրագրող ընկերներս կհաստատեն), նախկինում երբեք չի եղել»,– գրել է Հակոբ Կարապետյանը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ