ՀՀ հողօգտագործողներին պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սուբսիդավորված գներով դիզելային վառելանյութի և պարարտանյութերի տրամադրման դադարեցման մասին մամուլում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել։
Մասնավորապես նկատում են, որ ազոտական պարարտանյութերի սուբսիդավորումը դադարեցվել էր դեռևս 2018 թվականի տարեսկզբին, ինչի արդյունքում շուկան ազատականացվել է, հայտնվել են մեծ թվով խաղացողներ, ստեղծվել է լայն մրցակցային դաշտ և արդյունքում գյուղացիական տնտեսություններին 1 պարկ (50 կգ) պարարտանյութը հասանելի է եղել 7000-7500 դրամով։ Այս տարի գների նվազման միտումը շարունակվել է, մասնավորապես վրացական արտադրության 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը նախորդ տարվա համեմատ նվազել է 300-500 դրամով և կազմում է շուրջ 6700 դրամ։
Համեմատության համար նախարարությունից հայտնում են, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 պարկ ազոտական պարարտանյութի գինը կազմել է՝
2015 թվականին՝ 9215 դրամ , սուբսիդիան՝ 3215 դրամ,
2016 թվականին՝ 8726 դրամ, սուբսիդիան ՝ 2729 դրամ,
2017 թվականին՝ 7000, 6582, 6990 դրամ , սուբսիդիան համապատասխանաբար՝ 1000, 582 և 990 դրամ։
1 հա-ի մշակության համար օգտագործվում է միջին հաշվով 400 կգ (8 պարկ) պարարտանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին 1 հա-ի հաշվով ցուցաբերվել է ընդամենը 8000-10000 դրամի չափով աջակցություն։
Ինչ վերաբերում է դիզելային վառելանյութի սուբսիդավորման ծրագրին, ապա 2018 թվականի տվյալներով՝ հանրապետության 317.000 գյուղացիական տնտեսություններից ծրագրից օգտվելու հայտ է ներկայացրել ընդամենը 5220 շահառու (շուրջ 1,6%-ը), արդյունքում՝ նախատեսված 6 000 000 լիտրից փաստացի հատկացվել է շուրջ 1.9 մլն լիտրը։
Համեմատության համար նշենք, որ պետական օժանդակության ծրագրերի շրջանակում ձեռք բերված 1 լիտր դիզելային վառելանյութի գինը 2018 թվականին կազմել է 440 դրամ, սուբսիդիան՝ 60 դրամ, իսկ 2019 թվականին դիզելային վառելանյութի շուկայական գինը կազմում է 450 դրամ։
1 հա-ի մշակության համար օգտագործվում է շուրջ 120 լիտր դիզելային վառելանյութ։ Արդյունքում, պետական աջակցության ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվել է շուրջ 7200 դրամի չափով աջակցություն։
Վերոնշյալ տնտեսապես անարդյունավետ ծրագրերի փոխարեն ընդլայնվելու են գյուղատնտեսության ոլորտում պետական օժանդակության գործող ծրագրերը, ինչպես նաև կիրականացվեն ոլորտի մրցունակության բարձրացման և գյուղացիական տնտեսություններին օժանդակելուն միտված նոր ծրագրեր։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը