20 02 2019

Վարչապետը սկսել է չարաշահել օտար բառերը. Դավիթ Գյուրջինյան

Վարչապետը սկսել է չարաշահել օտար բառերը. Դավիթ Գյուրջինյան

Այսօր Երևանի կենտրոնի որոշ հատվածներ կարծես Հայաստան չլինեն: Դա օտարամոլության ցուցիչ է, չտեսություն է: Մեր այն մոտեցումը, որ լեզվաքարոզչության միջոցով մարդկանց ուղեղում կփոխվի վերաբերմունքը հայերենի նկատմամբ, պետք է ասեմ, որ որոշ դեպքերում չի աշխատում։ Այս մասին փետրվարի 20-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը՝ նշելով, որ օտար լեզվով գրությունների խնդիրն առկա է ռեստորանների, ժամանցի կենտրոնների դեպքում ևս:

Անդրադառնալով վարչապետի ուղիղ եթերներին նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում սկսել է չարաշահել օտար բառերը, այն բառերը, որոնց ընդունելի հայերեն համարժեքները կան. «Դա նկատում են մարդիկ, նկատում եմ նաև ես, և պատճառը չգիտեմ ինչն է: Նա ընդհանրապես կանոնավոր լեզու ունի, բայց երբ հուզական վիճակ է լինում, հսկողությունը մարդը կորցնում է, դա բոլորիս հետ է այդպես»,-ասաց նա:

Անդրադառնալով կառավարության ծրագիրն նա ասաց, որ ծրագրում լեզվաքաղաքականությանն առնչվող դրույթների ընդգրկումը կարևոր ձեռքբերում է. «Եթերը պետք է մաքրվի լեզվական ցածրորակ արտադրանքից: Այսօր մեկ-երկու հեռուստաալիքի եթերով ենք կարողանում պատշաճ հայերենով մուլտֆիլմեր, ֆիլմեր դիտել կամ ճանաչողական հաղորդումների հետևել: Մենք պետք է աջակցենք, համագործակցենք հեռուստաընկերությունների հետ: Նրանք զգում են մեր շնչառությունն իրենց թիկունքին: Եթե նախկինում մեր կառույցը պատժիչ ջոկատի դեր էր կատարում, ապա այսօր մենք գործընկեր ենք, աջակից ենք: Մեր նպատակը հայերենի տարածումն ու զարգացումն է»,-ասաց Դավիթ Գյուրջինյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ