Սուրբ Սարգսի օրը Հայաստանի Հանրապետությունում ազգային տոն է, որն ամեն տարի նշվում է հունվարի վերջում կամ փետրվարի սկզբում:
Սուրբ Սարգիսը հայերի ամենասիրելի սրբերից է: Պատահական չէ, որ Սուրբ Մեսրոպ Մաշտոցը տեղափոխել է նրա մասունքները Կարբի-Ուշի, որտեղ հետագայում կառուցվել է նրա անունը կրող եկեղեցի:
Հայաստանում Սուրբ Սարգիս զորավարի տոնն ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով: Գոյություն ունեն նաև բարի ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներ: Սուրբ Սարգիսը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ տեղի են ունենում հրաշքներ: Այդ օրը երիտասարդներն աղոթում են և դիմում սրբին, որ իրենց աղոթքները հասնեն առ Աստված:
Ս.Սարգսի տոնին նախորդում է Առաջավոր պահքը, որը հաստատվել է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից: Պահքը տևում է հինգ օր:
Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն ուտում են աղի բլիթ, որից հետո ոչինչ չեն ուտում և չեն խմում, և սպասում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվան վերաբերում է ևս մեկ սովորույթ. փոխինդով սկուտեղը դնել տանիքին կամ պատշգամբին, և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս.Սարգիսը պետք է անցնի տների մոտ հրեշտակների ուղեկցությամբ: Եվ եթե փոխինդի մեջ թողնի իր սպիտակ ձիու պայտի հետքը, ապա այդ տարի կիրականա սիրահարված երիտասարդի երազանքը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը