Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի որոշմամբ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր կհռչակվի: Այս մասին Մակրոնը հայտարարել է երեքշաբթի՝ փետրվարի 5-ին, Ֆրանսիայում հայկական ընկերությունները համակարգող խորհրդի կազմակերպած ամենամյա ընթրիքի ժամանակ:
Նախագահի խոսքով՝ Ֆրանսիան 1915 թվականից ի վեր ցեղասպանությունն անվանում է հանցագործություն մարդկության ու քաղաքակրթության դեմ, որը 2001 թվականին երկարատև պայքարից հետո այդպիսին է ճանաչվել արդեն օրենքով:
«Ֆրանսահայերի պատմությունը Ֆրանսիայի պատմությունն է: Եվ քանի որ Հայոց ցեղասպանությունը մեր հիշողությունների մասն է կազմում, ապա Հայոց ցեղասպանության հիշատակը պետք է հարգվի նաև մեր հանրապետությունում: Ձեզ հետ միասին ես նույնպես ուժերիս ներածին չափով կպայքարեմ ժխտման ցանկացած դրսևորման դեմ, որն անարգում է զոհերի հիշատակն ու ողջերի արժանապատվությունը», - նշել է Մակրոնը:
«Այժմ միայն մեկ պետության ղեկավար՝ Թուրքիայի նախագահը չի կիսում Ֆրանսիայի տեսակետն ու մեր արժեքները տվյալ համատեքստում: Բայց Թուրքիայի նախագահ Էրդողանը դեռ ամբողջ թուրք ժողովուրդը չէ: Ես հստակ ասում եմ՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ամբողջական պատասխանատվությունը Թուրքիայի նախագահին երկխոսության հրավիրելն է»,- ասել է Մակրոնը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը