05 02 2019

Պաշտոնյաները թվեր հրապարակելիս մանիպուլյացիաներո՞վ են զբաղված

Պաշտոնյաները թվեր հրապարակելիս մանիպուլյացիաներո՞վ են զբաղված

ՊԵԿ ղեկավար մարմինը թվերի մանիպուլյացիայով է զբաղված։

Այսպես, օրեր շարունակ Պետական եկամուտների կոմիտեում տրված տարեվերջյան պարգևավճարների առանցքը ՊԵԿ նախագահի օգնական Սաթինե Գզողյանին տրված պարգևավճարի չափն էր, որի շուրջ հասարակության մեջ անգամ անեկդոտներ սկսեցին շրջել՝ «քարտուղարուհին էլ քարտուղարուհի ունի» ընդհանուր կոնտեքստի մեջ։

Հատկանշականն այն է, որ Սաթինե Գզողյանն իր ֆեյսբուքյան էջում պաշտոնապես հայտարարել է․ «Մամուլում և սոցցանցերում տեղ գտած իմ անվան շուրջ տեղեկատվությունը ակնհայտ սուտ է և այն ունի իմ և իմ ղեկավարի բարի համբավը վարկաբեկելու նպատակ: Ես հանդիսանում եմ ՊԵԿ նախագահի խորհրդականը, պաշտոնս ստանձնել եմ 2018թ. մայիսի 25-ին, որից առաջ եղել եմ ՀՀ ֆինանսների նախարարի օգնականը (բոլոր հետաքրքրվողներին կարող եմ իմ կենսագրությունը ներկայացնել մանրամասն): Երբևէ հարկ չեմ համարել խոսել իմ աշխատելաոճի մասին, քանզի ողջ աշխատանքային գործունեության ընթացքում կատարել եմ իմ պարտքը ի՛մ Հայրենիքի, ի՛մ ղեկավարների և ի՛մ խղճի առաջ: Ինչ վերաբերում է աստղաբաշխական պարգևավճարին, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ երբևէ չեմ ստացել 2 և ավելի միլիոն դրամ պարգևավճար, մասնավորապես դեկտեմբեր ամսին՝ նույնիսկ դրա կեսը: Հարգելիներս, խնդրում եմ մի հավատացեք կեղծ լուրերին, որոնք ուղղված են ՊԵԿ նախագահին և իր թիմակիցներին սևացնելուն»:

Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ՊԵԿ-ում համառորեն պարգևավճար ստացողների ցուցակը ու պարգևավճարների չափը չհրապարակելը կարող է խոսել միայն այդ ցուցակում անցանկալի թվերի ու անունների մասին, փաստենք, այնուամենայնիվ, որ ՊԵԿ ղեկավար մարմինը թվերի մանիպուլյացիայով է զբաղված։

Այսպես, ՀՀ-ում մինչև 1.500.000 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար սահմանված է 23%, 1.500.000-2.000.000 միլոն դրամ ստացողների համար՝ 28%, իսկ դրանից բարձրի համար՝ 36 % տոկոս եկամտահարկ։

Աշխատավարձի ֆոնդի մասին թվերը մամուլը ներկայացրել է առանց պահումների, սակայն չէ՞ որ բյուջեից այդ գումարը դուրս է գրվում, ու եկամտահարկը կարող է ուղղվել, ասենք, հիպոթեքային վարկի տոկոսների մարմանը կամ կենսաթոշակային ֆոնդերին։ Այսինքն՝ այդ գումարը, միևնույն է՝ նպատակային է ուղղվում։

Ուրեմն լայն զանգվածների համար կիրառվող այդ հնարքն այնքան էլ տեղին չէ։ Իշխանության վերին էշելոններում ու երկրում առհասարակ բավականին լուրջ տնտեսագետներ ու ֆինանսիստներ կան, որոնք շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվել և ինչու։

Եվ վերջում՝ մեկ այլ ուշագրավ հանգամանք՝ տիկին Գզողյանի մասին։

Հետո քանի որ ապրում ենք փոքր երկրում ու ավելի փոքր քաղաքում, ուր գրեթե ոչինչ թաքուն չի մնում, մենք իմացանք, որ նա ոչ միայն քարտուղարուհի ունի, այլև վարորդ, և նրան սպասարկում է 057 BB 01 ծառայողական պետհամարանիշներով մեքենան։

Հետաքրքիր է իմանալ, երբ Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց պետական ապարատի ծառայողական ավտոպարկի կրճատման մասին, արդյո՞ք նկատի ուներ նաև Սաթինե Գզողյանին սպասարկող մեքենան, թե՞ վերջինիս գործառույթներն այնքան կարևոր են, որ պետական միջոցներով սպասարկվող մեքենա պետք է լինի նրա տիրապետության տակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ