04 02 2019

ԱԺ չթողնելը լրագրողների գործունեության անհիմն սահմանափակում է․ հայտարարություն

ԱԺ չթողնելը լրագրողների գործունեության անհիմն սահմանափակում է․ հայտարարություն

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել, որում անդրադարձել են Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների մուտքը խորհրդարանի շենք արգելելու դեպքին։

Հայտարարությունում նշվում է․

«Շաբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին թույլ չեն տվել մտնել խորհրդարանի  շենք, ուր տեղի էր ունենում  «Իմ քայլը» խմբակցության դռնփակ նիստը՝ վարչապետի ու գործադիր իշխանության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ։

ԶԼՄ-ների ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել, ինչին ի պատասխան ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության ղեկավարն ու որոշ պատգամավորներ արգելքը նախ պայմանավորել են ոչ աշխատանքային օրով, ապա՝ նիստի փակ լինելով, հետո էլ՝ վկայակոչել են խմբակցության կողմից հրավերի բացակայությունը։

Մինչդեռ, տվյալ պարագայում բերված պատճառաբանություններից ոչ մեկը չի կարող ընդունելի և համոզիչ համարվել։

Առաջին՝ եթե ոչ աշխատանքային օրով ԱԺ-ում կազմակերպվում է կարևոր քննարկում, ապա ինքնաբերաբար խորհրդարան մուտք գործելու հնարավորությունը պետք է տարածվի նաև հավատարմագրված լրագրողների վրա։ 

Երկրորդ՝ լրագրողները կարող են մատնանշել բազմաթիվ օրինակներ, երբ ոչ աշխատանքային ժամերին, մինչև ուշ երեկո, խորհրդարանում շարունակել են կատարել իրենց պարտականությունները։

Երրորդ՝ նիստի դռնփակ լինելը դեռ չի նշանակում, որ ԶԼՄ-ների ներկայացուցիչներն իրավունք չունեն մտնել ԱԺ շենք ու միջանցքներում փորձել մեկնաբանություններ ստանալ պատգամավորներից։ Եվ  չորրորդ՝ հավատարմագրված լրագրողներն այս ամենի համար հրավեր ստանալու կարիք ամենևին էլ չունեն։

Մենք՝ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի՝ փետրվարի 3-ի ֆեյսբուքյան գրառումն առ այն, որ լրագրողներին ներս չթողնելու ցուցում չի եղել, և որ տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչի համար ներողություն է խնդրել։ Այդուհանդերձ, տեղի ունեցածը գնահատում ենք որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչների գործունեության անհիմն սահմանափակում և կոչ ենք անում ԱԺ ղեկավարությանը.

  • պաշտոնապես հայցել լրագրողների ներողամտությունը՝ կիրառված արհեստական արգելքի համար,
  • hանձնարարել ԱԺ աշխատակազմի իրավասու ստորաբաժանումներին՝ վերանայել նախորդ խորհրդարանից ժառանգած՝ լրագրողների հավատարմագրման կարգը և նրանց գործունեությանը վերաբերող մյուս նորմատիվ ակտերը, 
  • պարտավորեցնել աշխատակազմին՝ առավել բարենպաստ պայմաններ ստեղծել ԱԺ-ում լրագրողների գործունեության համար և բացառել ապագայում անհիմն սահմանափակումների դրսևորումները։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երևանի մամուլի ակումբ

Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ – Հայաստան

Հանրային լրագրության ակումբ

«Լրագրողներ հանուն ապագայի» հկ

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հկ

Գորիսի մամուլի ակումբ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ