Արդեն մի քանի շաբաթ է՝ հասարակությունն ակտիվ քննարկում է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին լուրը: Օդում կախված լուրեր էին պտտվում, թե 1996 թվականի հուլիսին բժշկական համալսարանի 19-ամյա ուսանող Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի խնդրագրին ներման հարցերով հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել և ուղարկել վարչապետին:
Թեման մեծ աղմուկ բարձրացրեց, անգամ հրապարակվեց սպանության մասին պատմող տեսանյութը, զոհի հարազատները երկար դադարից հետո սկսեցին խոսել, իրենց բողոքի ձայնը բարձրացնել, Կառավարության մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ զոհի հոր՝ Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկների, իրավապաշտպանների և պարզապես հնարավոր ներմանը դեմ քաղաքացիների մասնակցությամբ: Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան, նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայություն մամուլի քարտուղար Զարուհի Մեջլումյանը անգամ Ոստիկանություն հաղորդում ներկայացրեց՝ պայքարի ակունքներում կանգնած գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանի դեմ: Բայց այդպես էլ որևէ պաշտոնական մեկնաբանություն, հրապարակում չեղավ՝ արդյոք այդ հարցը ներման հանձնաժողովը քննարկե՞լ է, թե՝ ոչ: Արդարադատության նախարարությունը շարունակում էր կրկնել, որ այդ գործընթացը հրապարակման ենթակա չէ:
Օդում կախված լուրերը շարունակում էին մթնոլորտը թեժացնել: Հասարակությունը շարունակում էր քննարկել, սոց հարթակներում դեմ և կողմ ճամբարների բաժանվել, իրար վիրավորել: Զոհի հարազատները բաց նամակներով դիմում էին ՀՀ նախագահին և վարչապետին:
Խորհրդավոր լռությունը, ի վերջո խախտեց ՀՀ նախագահի գասենյակը՝ մեկնարկ տալով՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ-ՀՀ նախագահի աշխատակազմ-ՀՀ արդարադատության նախարարություն փակ շղթայի: Հունվարի 25-ին Արմեն Սարգսյանի աշխատակազմը տարածեց հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում էր, որ Արմեն Սարգսյանը Մհեր Ենոքյանի ներման հարցով որևէ առաջարկություն չի ստացել: Մի քանի օր հետո էլ տեղեկացրեց, որ ստացել է մի շարք անձանց ներման խնդրագրերի վերաբերյալ վարչապետի առաջարկությունը և առանց առարկությունների ստորագրել համապատասխան հրամանագիրը: Նշվում էր նաև, որ օրենքով սահմանված կարգով և ժամկետում ուղարկվել է համապատասխան լիազոր մարմին՝ Արդարադատության նախարարություն: Հետո էլ Արդարադատության նախարարությունը նշեց, որ քանի որ գործը ստացել է հանրային հնչեղություն, հայտնում են, որ ստացել են նախագահի հրամանագիրը և ուղարկել պատասխանները հարազատներին: Բայց այդպես էլ չնշեց, թե ինչ էր գրված հրամանագրում։ Չէ՞ որ հանրությանը հետաքրքրում էր ոչ թե նախագահի որոշումը նախարարությանը հասնելու փաստը, այլ՝ թե ինչ կա այդ որոշման մեջ։ Ենոքյանի կինն էլ, ի պատասխան բազամթիվ մամուլի հարցումների, նշել էր, որ Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը անհատական իրավական ակտ է, որը հրապարակման ենթակա չէ:
Հասարակությունը այդպես էլ չստացավ մեծ հնչեղություն ստացած, իրեն հուզող հարցի պատասխանը, որը ամենևին էլ ներման գործընթացի մասին իրավական գործընթացների նկարագրությունը չէր, ոչ էլ կամ առաջարկութայն մասին ստանալ-չստանալը չէր:
Ընդամենը տարբեր խոսակցություններից պետք է գուշակի, որ Մհեր Ենոքյանը ներում չի ստացել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը