30 01 2019

Նախկին աշխատողը բողոքում է, ՊԵԿ-ը՝ հակադարձում



Հունվարի 30-ին ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը թույլ չի տալիս իր վստահորդին կոռուպցիոն ռիսկեր բացահայտել և ներկայացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Փաստաբանի խոսքով՝ Պեկ նախագահը «թաթախված է» այդ գործում:

Թեմայի շուրջ հերքմամբ է հանդես եկել ՀՀ պետեկամուտների կոմիտեն, նշելով. «ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի կողմից պարբերաբար կազմակերպվող մամուլի ասուլիսները նպատակ են հետապնդում վերջինիս ներկայացնել տուժվածի կարգավիճակով և մոլորեցնել հասարակությանը: Իրականությանը չեն համապատասխանում Կարեն Կարապետյանի շահերի ներկայացուցիչ Տիգրան Հայրապետյանի ներկայացրած հրապարակումները, թե իբր ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերությունների գործունեության ընթացքում Կարեն Կարապետյանը բացահայտել է չարաշահումներ և դրանք ներկայացրել ՊԵԿ նախագահին, որոնք, ըստ նրա, վերջինիս կողմից գործողություններ չձեռնարկելու արդյունքում անհետևանք են մնացել: Ավելին՝ ՊԵԿ-ն ամիսներ առաջ հոդվածներ էր հրապարակել, որ ապրանքների ներկրմամբ և արտահանմամբ զբաղվող մի շարք ընկերությունների նկատմամբ իրականացվել են հսկողական աշխատանքներ և դրանց արդյունքում հայտնաբերված խախտումների հիման վրա հարուցվել և քննվում են քրեական գործեր, որոշ դրվագներով էլ իրականացվում են ընթացիկ հսկողական աշխատանքներ:

Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի կողմից Կարեն Կարապետյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված քրեական գործի հետագա նախաքննության իրականացումը ՊԵԿ քննչական վարչությանը հանձնարարելուն, ապա այս առումով ՊԵԿ-ը վստահեցնում է, որ ՊԵԿ քննչական վարչությունը և նախաքննության մարմինն ունի բոլոր հնարավորությունները օբյեկտիվ և արդարացի քննություն իրականացնելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ