15 01 2019

Թույլ ու անուժ խորհրդարանից մինչև խաբված քաղաքացու մտահոգություն․ ակտիվ Facebook

Թույլ ու անուժ խորհրդարանից մինչև խաբված քաղաքացու մտահոգություն․ ակտիվ Facebook

«Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․«ԱԺ նախագահի երեկվա ընտրությունից հետո մի բան կարող ենք փաստել հստակ` 7-րդ գումարման խորհրդարանը որպես քաղաքական իրողություն կնքեց իր մահկանացուն` դեռ չծնված:      

Արարատ Միրզոյանն ընտրվեց` ստանալով 131 ձայն 132 հնարավորից: Ընդ որում, այն մեկը դեմ կամ ձեռնպահ չէր եղել, ընդամենը քվեաթերթիկը անվավեր էր ճանաչվել, որովհետև քվեարկողն անգամ թրեյնինգից հետո չէր կարողացել ճիշտ քվեարկել: Փաստացի 100 տոկոսանոց արդյունք:      

Սա անգամ բոլշևիկյան խորհրդարան էլ չէ (այնտեղ գոնե մի քանի հոգի ձեռնպահ էին մնում): Որքան էլ քրքրում եմ երևակայությունս, չեմ կարողանում ժամանակակից աշխարհում գտնել մեկ այլ երկիր, որտեղ հնարավոր կլիներ նման քվեարկություն, թերևս միայն Հյուսիսային Կորեայում` «Ազգի Արև» Կիմ Չեն Ինի ճաճանչափայլ որդի Կիմ Չեն Իռի երկրում:   

Եվ սա քվեարկել է մի խորհրդարան, որը ձևավորվել է քաղաքական մենիշխանությունը և նախորդների կոճակ սեղմող խորհրդարանը մերժած ժողովրդի կողմից, որը ձևավորվել է թավշյա հեղափոխության արդունքում:      

Փաստենք մի բան ևս, հիմա մենք Հայաստանում ունենք ոչ թե խորհրդարան, այլ` զանգված, որտեղ չկան որևէ գաղափարներ և որևէ ընդդիմության մասին խոսելն անգամ ծիծաղելի է, որքան էլ որոշ «կլասիկներ» կրկեսային ներկայացումներ սարքեն` ըննդիմադիրի կեցվածք ընդունելով»:

 

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր «Իմ քայլի» պատգամավորներից մեկն ասում է, որ եթե ՀՀԿ-ն այսպես շարունակի, կկորցնի նույնիսկ 4.7 տոկոսը:

Նախ, արձանագրենք, որ այս մարդիկ մերժում են բազմակարծությունը։

Երկրորդ, բավական է ՀՀԿ-ի դարդերով ապրեք:

Եթե ինչ որ մեկը, կամ որևէ քաղաքական ուժ կորցնում ու կորցնելու է տոկոսներ, դա նախ և առաջ Փաշինյանն է և նրա գլխավորած ուժը։

Հենց դրա վառ ապացույցն էր նորանշանակ վարչապետի այսօրվա եթերը:

Հայաստանում բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար պետք է լինեն, և ձեր առաջ քաշած, ինչ որ կարելի է Զևսին, չի կարելի եզին սկզբունքն ուղղակի ծիծաղելի է։

Հ.Գ

Գրված է...

Ինչ կցանես, այն էլ կհնձես»: 

ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «1996 թվականին ընդամենը 21 տարեկան էի, դեռ երիտասարդ տղա, երբ համակուրսեցու և ընկերոջ կողմից դաժանաբար սպանվեց իմ մանկության ընկեր Իոսիֆ Աղաջանովը։ Անցավ 1 տարի, դարձա ոստիկան ու 20 տարուց ավել ինձ իրավունք չէի վերապահում կարծիք հայտնել մարդասպաններին արդարացնողների մասին։

Իսկ հիմա արդեն, որպես պահեստի գնդապետ և Իոսիֆի ընկեր, կարտահայտեմ իմ կարծիքը։

Դեպքի առաջին օրվանից եղել եմ նրա ընտանիքի կողքին, մասնակցել եմ բոլոր դատական նիստերին։ Երբ առաջին անգամ կարդացի հանցագործներին արդարացնող հոդվածը, անկեղծ ասած՝ չէի հավատում, որ խոսքը գնում է այդ դաժան սպանության մասին։ Դեպքն ավելին քան ապացուցված է։ Արդարացնողներ կամ նաև մեծարող տիկնայք և պարոնայք, դուք միայն այն ժամանակ ձայներդ կտրած կապրեիք, երբ Իոսիֆի նման ձեր երեխայի կոկորդը կտրած, մարմնին բազմաթիվ հարվածներով ու սպանված վիճակում ձեր մինուճարին կբերեին, կդնեին ձեր առջև ու կասեին՝ տարեք, թաղեք։

Միխայիլ և Նելլի Աղաջանովները չեն մոռացել, որ իրենց միակ տղա ժառանգը մահացել է համակուրսեցու ու նրա ընկերոջ կողմից, թիկունքից ռազվադնոյ կլուչով գլխին խփելու, հետո՝ դանակով կոկորդը կտրելու, հետո՝ մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու, հետո՝ նախօրոք գնված, հատուկ այդ օրվա համար սպորտային պայուսակով մարմինը չոլերում քարերով ծածկելու պատճառով։

Հանցագործներն ընդունել են իրենց մեղքը, և դեպքը 100% բացահայտված է։ Մարդասպանին արդարացնելը մեղք է, Աստծուց վախեցեք։

Դեռ չեմ ասում արդեն կորցնելու բան չունեցող պրոֆեսոր Աղաջանովից։ Նա այդ մեկն ուներ ու էլ չունի։ Սա ընդունեք որպես նախաբան։ Մանրամասները՝ հետո»։

***

Slaq.am-ի ղեկավար Մենուա Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Դուք չե՛ք փակելու, որովհետև դուք դրա լիազորությունը չունեք, և ժողովրդից էլ չեք ստացել այդ լիազորությունը, որովհետև ժողովուրդն իր իշխանությանն ընտրել է և այդ իշխանության լիազորությունն է նաև ապահովել ճանապարհների անցանելիությունը: Եվ նրանք, ովքեր փակում են ճանապարհներ, առնվազն հետևողական, ես ուզում եմ հասկանալ, որ ինչ-որ հարցի վրա ուշադրություն են ուզում հրավիրել: Իսկ նրանք, ովքեր ուզում են կաթվածահար անել, նրանք գործում են ուղիղ կառավարության դեմ, որովհետև եթե իրենք իշխանություն են, ապա իշխանություն են նաև նրանք, ովքեր ուզում են ճանապարհով անցնել և չեն կարողանում այդ հնարավորությունից օգտվել...

Սրանք ճանապարհները և օդանավակայանը փակելով իշխանությունը բռնազավթած Նիկոլի խոսքերն են...

Ի՛մ ժողովուրդ դու արժանի չէիր , որ քեզ նման կերպ լկտիաբար խաբեին՝ հանուն սեփական պաշտոնի և իշխանության...»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ