Երեւանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել Հայաստանում տարածված ադրբեջանական կարագի մասին։
Նա լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Ամանորյա անակնկալ այո, այո, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի վաճառասրահներում փաստորեն կարելի է ձեռք բերել «եղբայրական» Ադրբեջանի «բարձրորակ» արտադրության որակյալ կարագ, բայց հիասթափեցնեմ ու շտապեմ ասել, որ այն իրականում սփրեդ է եւ ըստ իս, նաեւ վտանգավոր հենց հայերի համար։
Կոչ եմ անում նկատելիս անմիջապես ուղիղ եթեր անել ու ընթացքում վաճառողին բացատրել, որ սրա վտանգավոր հետեւանքներն անասելի չափերի են, իսկ կա արդյոք եկամուտ, դա արդեն թող վերավաճառողն ինքը որոշի»:
ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, Պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանն արձագանքել է Երեւանում վաճառվող «ադրբեջանական կարագի» մասին տեղեկություններին:
Այս առնչությամբ Դավիթ Պիպոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Իմ շատ սիրելի ֆեյսբուքահայություն ջան։ Հունվարի 4-ից ինձ ստիպեցիք աշխատել։ Առավոտից ծնգում էր մեսինջերս՝ ադրբեջանական կարագի վերաբերյալ հարցադրումներով։ Մեղք չեմ գործել, բայց մինչեւ երեկ ուշ գիշեր քեֆ ուրախության մեջ էինք։ Մինչեւ դեկտեմբեր 30 խանութներում շրջայցեր ենք իրականացրել, նման տարայով կարագ ես ոչ մի համայնքում չեմ հանդիպել։
Այսօր եւս երեք համայնքի խանութներում առկա չէր։ Կապվել եմ թե՛ պատկան մարմինների հետ, թե՛ նկարը հրապարակած քաղաքացու՝ Սոնայի հետ. պարզվեց, որ կարագը ձեռք են բերել փողոցից, այլ ոչ թե խանութից։
Ա՜յ այստեղ պետք է ձեզ կրկին հիշեցնեմ, որ տարեվերջին բոլորիդ հորդորել եմ ձեռնպահ մնալ փողոցում վաճառվող կենդանական ծագում ունեցող մթերք ձեռք բերելուց։ Հիշեք; որ այսպիսով դուք էլ եք դառնում այս խախտումների մասնակիցը; որովհետեւ եթե դուք ձեռք չբերեք այս մթերքները, իրավախախտները ուզած թե չէ կդադարեցնեն իրենց գործունեությունը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը