ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, թե ինչպես կարելի է սնվել տոնական օրերին:
«Շատ հաճախ տոնական օրերին սնունդը կարող է պատճառ դառնալ ոչ միայն սննդային թունավորումների, այլև մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների, եթե չարաշահեք դժվարամարս կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ: Որպեսզի չլինեն նման խնդիրներ, ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս` Սահմանափակե՛լ տապակած և ճարպոտ կերակրատեսակների օգտագործումը: Նախապատվությունը տալ եփման, շոգեխաշման, ջեռեփման եղանակով պատրաստված սննդին:
Սահմանափակե՛լ շաքարի օգտագործումը, որի չարաշահումը կարող է պատճառ դառնալ ճարպակալման և աղիների միկրոֆլորայի խանգարման: Պետք է հնարավորինս քիչ օգտագործել թխվածք, կրեմային հրուշակեղեն, կոնֆետ, հյութեր և գազավորված ըմպելիք:
Նախապատվությունը տա՛լ մրգին և բանջարեղենին, որոնք հարուստ են վիտամիններով, հանքային տարերով և ածխաջրերով:
Սնվե՛լ չափավոր. Սնունդը պետք է ընդունել քիչ քանակներով, ընդմիջումներով: Պետք չէ փորձել սեղանին դրված բոլոր կերակրատեսակներից: Որքան բազմազան է միանվագ օգտագործած սնունդը, այնքան մեծ է ծանրաբեռնվածությունը մարսողական համակարգի վրա և օրգանիզմն ի վիճակի չի լինում մարսել այդ ամբողջը:
Պահպանե՛լ սննդի ընդունման ռեժիմը` օրվա ընթացքում 4-5 անգամ: Այն հատկապես կարևոր է երեխաների համար: Անհրաժեշտ է պահպանել երեխաների սննդակարգը և սնման ռեժիմը, քանի որ երեխաների փխրուն օրգանիզմն ավելի զգայուն է սննդակարգի փոփոխությունների նկատմամբ:
Սահմանափակե՛լ ալկոհոլի օգտագործումը, չչարաշահել: Պետք է իմանալ, որ ալկոհոլի հետ անհամատեղելի են քացախը, սունկը, թուրինջը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը