24 12 2018

Մշակույթի նախարարությունը լուծարելը պարզ խաբեություն է. կարծիք

Մշակույթի նախարարությունը լուծարելը պարզ խաբեություն է. կարծիք

Հրապարակախոս, լրագրող Վահան Իշխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մշակույթի նախարարության վերացումը 30 տարվա լիբերալիզմի շարունակությունն է:

Մշակույթի նախարարությունը լուծարելու ծրագիրը այն է,  ինչ նախորդ իշխանությունները դանդաղորեն անում էին։ Իհարկե, միանգամից նախարարությունը վերացնելու համարձակություն չունեին, զգուշանում էին հասարակական դժգոհությունից, բայց դա անում էին աննկատ՝ գրադարանների, կինոթատրոնների, թատրոնների շենքերը սեփականաշնորհելով։ Սովետի փլուզումից հետո քանի՞ գրադարանի, կինոթատրոնի ու թատրոնի շենք է սեփականշնորհվել, ո՞ր նախարարների ժամանակ են սեփականշնորհվել, խնդրեմ, ուսումնասիրության թեմա։ Հենց այս սեփականաշնորհումներն էլ մշակույթի նախարարության դանդաղ լուծարումն էր։ Որ դժգոհությունից չխուսափեին, Օպերայի շենքն ու Սունդուկյանի թատրոնն էլ կսեփակնաշնորհեին։ Մի քանի տեղ հանդիպեցի, թե ո՞ւմ է պետք մշակույթի նախարարությունը, եթե Արմենչիկին ժողովրդական արտիստի կոչում է տվել։ 

Արմենչիկին ժողովրդականի կոչում տվել է ժողովուրդը` նրա համերգների անշլագնենրով, իշխանությունն էլ ժողովրդական արտիստի կոչում տալով` արձանգրել է դա։ Եթե Արմենչիկին ժողովրդական տալը սխալ է, ապա ինչո՞ւ Նիկոլին ժողովրդական վարչապետ դարձնելը ճիշտ է, որը բերել է նրան, որ նրա ամեն քայլը պոստֆակտում գովաբանողների բանակներ են ստեղծվում։ Կամ, շատերը ասում են, թե այս 30 տարում Մշակույթի նախարարությունը ոչ մի բան չի արել, ոչ մի քաղաքականություն չի ունեցել, ուրեմն, պետք է լուծարել։ Չգիտեմ` արել է, թե չի արել, բայց հեղափոխական այս տրամաբանության հետևորդները վստահ են, որ Հայաստանի նախորդ կառավարություններն էլ ոչինչ չեն արել, կամ միայն վատ բաներ են արել, ուրեմն, իրենց սկզբունքերում հետևողական լինելու դեպքում, պետք է առաջարկեն Հայաստանի հանրապետությունն էլ լուծարել։ 

Նոր կառավարությունը, որպես նախորդների ազատականության գաղափարական ժառանգորդ և արդեն լեգիտիմ իշխանություն, այդ լուծարումը ակնհայտ է անում, սակայն կրկին որոշ խաբեությամբ։

Ինչպես նախորդների, այնպես էլ «Իմ քայլը» դաշինքի ու ՔՊ֊ի ծրագրում չի եղել Մշակույթի նախարարությունը լուծարելու կետ, ինչո՞ւ, պարզ է, նույն պատճառով՝ հասարակական դժգոհությունից խուսափելու համար, կոնկրետ այս անգամ, որ ընտրություններում ձայն չկորցնեն։ Պատկերացնենք նախընտրական ելույթներում Նիկոլ Փաշինյանը ասֆալտին փռելու փոխարեն, խոսեր մշակույթի նախարարությունը լուծարելու մասին, գոնե մշակութային ոլորտից բազմաթիվ ձայներ կկորցներ։ 

Եթե նախընտրական ծրագրում չեն գրել Մշակույթի, Սփյուռքի, Սպորտի նախարարությունները վերացնելու նախագիծը, ապա ընտրություններից հետո դա անելը պարզ խաբեություն է, և նախ պետք է սա արձանագրել, հետո որոշել՝ ճի՞շտ է անում, թե ոչ, գովաբանե՞լ, թե՞ քննադատել»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ