21 12 2018

Վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը․ լուսանկարներ

Վառվեցին հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը․ լուսանկարներ

Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դստեր հետ բանալիով վառեց գլխավոր տոնածառի և հրապարակի լույսերը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

«Ամանորին հրաշքներ են կատարվում, մինչև 2018 թվականը ես հրաշքներին չէի հավատում, բայց միևնույն է, ամանորին երազանք պահեցի, և 2018թ-ի գարնանը իմ երազանքը կատարվեց»,- գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանն ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

«Բայց միևնույն ժամանակ ես՝ որպես շատ պրակտիկ և գիտությանը հավատացող մարդ, հասկանում էի, որ հրաշքները հենց այնպես չեն կատարվում, միակ պայմանը, որ քո երազանքը կկատարվի, պետք է լինի այն, որ դրա մասին երազեն բոլորը: Մենք պետք է բոլորս երազենք մի բանի մասին, որ կատարվի: Եվ փաստորեն 2018 թ-ի Ամանորին բոլորս երազել ենք նույն բանի մասին՝ ապրել ազատ, անկախ և ժողովրդավարական Հայաստանում»,-ասաց նա՝ հավելելով, որ հրապարակի լույսերի հետ կվառվեն նաև բոլորի  հույսերը:

«Այդ հույսը կսկսի հենց այսօրվանից, կգնա 2019 թվական և մոտակա տասնամյակներին, հարյուրամյակներին մեր ճանապարհը լույսով լի է լինելու այսուհետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նոր տոնածառը բերվել է Ռուսաստանից, լույսերի եւ խաղալիքների հետ միասին տոնածառն արժեցել է շուրջ 85 մլն դրամ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ