Երեւանի կենտրոնում բացվեց Ռաֆայել Լեմկինի պատվին անվանակոչված փողոցը։ «Ցեղասպանություն» եզրույթի հեղինակի պատվին անվանակոչվել է Մարշալ Բաղրամյանի պողոտայի առաջին փակուղին։
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռաֆայել Լեմկինի անվան փողոց ունենալու մասին որոշումը կայացվել է ավագանու նիստի ժամանակ: «Մի քանի տարբերակ է քննարկվել, և ընտրվել է հենց այս փողոցը: Կարծում եմ՝ շատ ճիշտ փողոց է ընտրվել մեծանուն Լեմկինի անվամբ վերանվանելու համար»,- ասաց նա:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ցեղասպանության հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգի խոսքով՝ Ռաֆայել Լեմկինը տեսել և զգացել է ցեղասպանությունը և մշակել եզրույթը: «Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն մարդուն, ով իր կյանքը նվիրեց միջազգային իրավական փաստաթղթի ստեղծմանը»,- ընդգծեց նա։
«Իր ամբողջ կյանքը նա նվիրեց պայքարին և հաղթանակ տարավ վերջնարդյունքում։ Ռաֆայել Լեմկինի անունն անմահ է»,-շեշտեց Հարությունյանը։ Իր հերթին ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգն ընդգծեց Լեմկինի կարեւոր դերը «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժի կոնվենցիա» մշակման գործում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը