Օսլոյում տեղի է ունեցել Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Daily Mail-ը գրում է, որ մրցանակակիրները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը և Իրաքից Նադյա Մուրադն են։ Նրանք պարգևատրվել են զինված հակամարտությունների ժամանակ սեռական բռնությանը վերջ տալուն ուղղված ջանքերի համար: Մրցանակային ֆոնդը կազմել է 10 մլն շվեդական կրոն (մոտ 1 մլն ամերիկյան դոլար):
Արարողության ընթացքում դափնեկիրները, ավանդույթի համաձայն, ճառով են հանդես եկել: Հայտնի է, որ Նադյա Մուրադը հյուսիսային Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից սեռական ստրկության զոհ է դարձել:
Բժիշկ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգը 1990-ականների վերջին հիմնադրել է կլինիկա, որտեղ պատերազմական շրջաններում սեռական բռնության զոհ դարձած հազարավոր կանայք են բուժվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը