10 12 2018

Արցախի Սահմանադրության և Անկախության հանրաքվեի օրն է

Արցախի Սահմանադրության և Անկախության հանրաքվեի օրն է

Դեկտեմբերի 10-ը Արցախի Սահմանադրության և Անկախության հանրաքվեի անցկացման օրն է։

Արցախի Սահմանադրությունը ընդունվել է 2006 թվականի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով (մասնակցել է գրանցված քաղաքացիների 87%-ը, Սահմանադրությանը կողմ է քվեարկել քվեարկածների 99,58%-ը)։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն անցկացվել է 1991 թվականի դեկտեմբերի 10-ին: Որոշվում էր Արցախի Հանրապետության անկախությունը Ադրբեջանից: Անցկացվել է նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, հարակից Շահումյանի շրջանի ու Ադրբեջանական ԽՍՀ-ի Գեյգյոլի շրջանի մի մասի տարածքներում: Հանրաքվեն բոյկոտել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական բնակչությունը, որոնք կազմում էին ինքնահռչակ հանրապետության բնակչության 20 %-ը:

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ: Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ արցախցիներ,    

Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:

Դեկտեմբերի 10-ը մեր ժողովրդի տարեգրության մեջ մտավ որպես ճակատագրական որոշումներ ընդունելու օր, որոնք նախանշեցին մեր պետության կայացման ու զարգացման հետագա ուղին: Այդ պատմական որոշումներն ընդունվեցին համաժողովրդական հանրաքվեների միջոցով՝ միջազգային նորմերին ու սկզբունքներին, օրենքի տառին ու ոգուն խիստ համապատասխան, ընդունվեցին միակամ ու միասնական:

Արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ հօգուտ իր հողում անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու, իր ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու՝ հավատարիմ մնալով օրենքի եւ մարդու իրավունքների անվերապահ գերակայությանը, ժողովրդավարության սկզբունքներին, համամարդկային ու ազգային արժեքներին:

Անկախության այս բոլոր տարիների ձեռքբերումները վկայում են, որ մենք հաստատակամ ենք ու վճռական՝ պահպանելու ու ամրապնդելու քաջ հայորդիների արյան գնով ձեռք բերված ազատությունն ու անկախությունը, բազմապատկելու համայն հայության ջանքերով կերտված փառապանծ հաղթանակները, քանզի այդ արժեքները սրբություն են ողջ հայ ժողովրդի համար:

Այդ ուղին անկասելի է ու անշրջելի: Այսուհետ էլ արվելու է ամեն ինչ մեր պետականության շարունակական զորացման, ժողովրդի անվտանգության ապահովման, պաշտպանունակության հետեւողական ամրապնդման, տնտեսության զարգացման ու բնակչության կենսամակարդակի բարձրացման ուղղությամբ:

Թանկագի՛ն հայրենակիցներ,

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ պետական այս կարեւորագույն տոնի կապակցությամբ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ