07 12 2018

«Սպիտակ» ֆիլմը «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի. Սերժ Թանկյան

«Սպիտակ» ֆիլմը «Օսկար»-ի արժանանալու շանսեր ունի. Սերժ Թանկյան

Հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը հարցազրույց է տվել «Ամերիկայի Ձայն»-ին՝ խոսելով 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին պատմող և Հայաստանի կողմից «Օսկար» մրցանակաբաշխությանը որպես լավագույն օտարալեզու ֆիլմ ներկայացված «Սպիտակ» կինոնկարի համար կատարած աշխատանքի մասին:

Թանկյանը, որը ֆիլմի երաժշտության հեղինակն է, նշել է, որ հավանական է, որ «Սպիտակ»-ն «Օսկար»-ի կարժանանա:

«Այն շատ զգայական ու յուրահատուկ ֆիլմ է, որը կհուզի ոչ միայն հայերին, այլև օտարազգի հանդիսատեսին, այդ թվում՝ կինոակադեմիայի անդամներին: Ես միանշանակ կարծում եմ, որ հաղթելու շանսեր կան»,-ասել է Թանկյանը:

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ ֆիլմի համար երաժշտություն գրելն ամենևին էլ հեշտ գործ չէր:

«Էմոցիոնալ առումով դա շատ բարդ էր: Ֆիլմի ռեժիսորը ցանկանում էր, որ այն ռեքվիեմ հիշեցներ, բայց միևնույն ժամանակ լիներ թեթև: Այդ տեսանկյունից հավասարակշռության պահպանումը բարդ էր»,-նշել է Թանկյանը՝ հույս հայտնելով, որ իրենց հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել:

Նշենք, որ ռեժիսոր Ալեքսանդր Կոտտի «Սպիտակ» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին է: Կինոնկարի հիմքում մի մարդու պատմություն է, ով, թողնելով կնոջն ու դստերը, մեկնել է Մոսկվա: Տեղեկանալով Սպիտակում տեղի ունեցած ողբերգության մասին` նա լքում է իր ռուս ընկերուհուն և վերադառնում Հայրենիք` գտնելու իր տունը, ընտանիքի անդամներին:

Կինոժապավենը նվիրվում է երկրաշարժի 30-րդ տարելիցին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ