19 11 2018

Ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը պահելու համար․ Վ Սարգսյան․ Tert.am

Ամեն ինչ պետք է արվի ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը պահելու համար․ Վ Սարգսյան․ Tert.am

Երբ իշխանության է գալիս անփորձ ուժը, շատ կարևոր է, որ հակակշռող ուժը լինի փորձառու: Այս մասին Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը: Նրա կարծիքով՝ շատ են մարդիկ, ովքեր լրջորեն մտածում են այն մարտահրավերների մասին, որ կարող է իրենից ներկայացնել անփորձ թիմով բարդ ճանապարհ ընկնելը: 

Ըստ Վ. Սարգսյանի՝ արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները՝ լռություն: «Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Մենք քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել»,- ասաց նա:

- Դուք և և շատ այլ Հանրապետականներ քննադատում եք ներկայիս իշխանություններին արտաքին քաղաքականության ոլորտում վարած քաղաքականության համար: Բայց Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ արտաքին քաղաքականությունում կտրուկ շրջադարձեր չեն լինելու, շարունակվելու է նախորդ իշխանությունների քաղաքական գիծը։ Այս դեպքում, երբ Փաշինյանը չի փոխում արտաքին քաղաքական վեկտորը, այստեղ ձեր անելիքը որպես ընդդիմություն ո՞րն է լինելու:

- Կարծում եմ՝ առաջին հարցը, որ պետք է տալ այդ պարագայում՝ ինչու այդքան արդյունավետ արտաքին քաղաքական վեկտորը, որը պետք է չփոխվեր, սուր քննադատության էր ենթարկվում, երբ պարոն Փաշինյանը ընդդիմություն էր, և ինչպես է ստացվում, որ այն առանցքային խնդիրները, որոնք բարձրացվում էին այն ժամանակ, պարզվեց, որ ՀՀ շահերից բխող քաղաքականության արդյունք են և պետք է պահպանվեր եղած տեսքով: Բայց մենք երբևէ չենք քննադատել քաղաքական գիծը, եղել են անդրադարձեր վարած քաղաքականության հմտության և արդյունավետության տեսանկյունից: Առհասարակ, արտաքին քաղաքականությունը սիրում է խոհեմություն, բանակցությունները սիրում են լռություն: Իհարկե, արդյունք ձևավորելով շատ կարևոր է ճիշտ մատուցել այդ արդյունքը հանրությանը և դրա վրա կառուցել երկրի առաջընթացի հաջորդ քայլերը: Բայց թաքուն և գաղտնի բանակցությունները դրանք տարբեր բաներ են, որևէ մեկը 21-րդ դարում չի խոսում թաքուն բանակցությունների մասին: Բանակցությունների գաղտնիությունը, գործընթացների փակ ձևաչափը շատ կարևոր են շատ հարցերի համար: Նախօրոք հայտարարված դիրքորոշումները, կարմիր գծերը բանակցություններում երբեք օգտակար չեն, դրանք կաշկանդում են: Եվ մենք եթե քննադատել ենք, քննադատել ենք այն, թե ինչպես միտինգային էնտուզիազմով երբեմն գործ ունենք շատ նուրբ հարցերի հետ, որոնք կարող են երկիրը բավականին բարդ վիճակի մեջ դնել:

Խոսքը չի վերաբերում միայն Արցախի հարցին, բայց նույնիսկ այնպիսի հարցերում, ինչպիսիք են միջազգային տնտեսական կապերը և դրանց պոտենցիալ ներազդեցությունը մեր բնակչության առօրյա կյանքի վրա: Կարծում եմ՝ պահանջվում են ավելի նուրբ և զգույշ մոտեցում:

- Որպես պաշտպանության նախկին նախարար  ի՞նչ եք կարծում, Հայաստանը ՀԱՊԿ-ում կշարունակի՞ ղեկավարել և ի՞նչ մեսիջ է Բելառուսի նախագահի ու Ադրբեջանի դեսպանի հանդիպումն ու դրա հրապարակայնացումը։ 

- Ամեն ինչ պետք է արվի այդ պաշտոնը պահելու համար: Այդ պաշտոնը ստանալու համար ՀՀ-ն մեծ ջանքեր է գործադրել: Այդ պաշտոնում Ղարաբաղի խնդրին և մանրամասներին քաջածանոթ մարտական գեներալի նշանակելու համար ևս մեծ ջանքեր են գործադրվել: Ուզում եմ հավատալ, որ մեր այսօրվա իշխանությունը գիտի՝ ինչ է անում, ինչպես է պահելու այդ պաշտոնը դեկտեմբերի 6-ին: Եթե դա տեղի չունենա, կհամարեմ, որ իրոք մեծ բացթողում է և դրա համար պետք է հասկանալ, թե ով է պատասխանատու կայացված որոշումների, ձեռնարկած քայլերի, անհեռատես մոտեցումների համար: Ինչ վերաբերում է Բելառուսի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը, կարծում եմ՝ դաշնակիցները պետք է կարողանան զատել իրարից հարաբերությունները գործընկերների և դաշնակիցների հետ և պետք է կարողանան առաջնայնություններ սահմանել: Այլ բան է, թե որքանով այդ հարցերը պետք է ևս լուծել հանրային դաշտում՝ հնչեցնելով մեղադրանքներ, սուր հայտարարություններ: Սուր հայտարարությունը կարճաժամկետ շատ դրական էֆեկտ ունի՝ այն արտաբերած գործչի վարկանիշի տեսանկյունից, բայց երկարատև առումով պարզ չէ, թե ինչքանով է դա օգնելու երկարատև հարաբերություններ կառուցելու և նոր խուսանավման հնարավորություններ տալու դաշնակցին, ում ուղղված են այդ խոսքերը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ