Առաջիկայում լույս կտեսնի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական գիրքը։ Մինչ այդ, Քոչարյանի պաշտոնական կայքը հրապարակել է հատված գրքից։
Առաջաբան
Հայ-ադրբեջանական հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ ԽՍՀՄ փլուզման կանխանշաններից մեկը դարձավ: Թուլացող կենտրոնական իշխանությունը ակնհայտորեն չէր կարողանում լուծել տնտեսական խնդիրները, իսկ «վերակառուցումն ու գլասնոստը» աղետալի արագությամբ ավերեցին երկրի կառավարման համակարգը: Իշխանությունն անկարող եղավ որևէ նոր, գրավիչ ու համախմբող բան առաջարկելու հասարակությանը: Գերկենտրոնացման վրա հիմնված ու գաղափարախոսությամբ ամրակցված՝ սրընթաց կորցնում էր ուղենիշերը: Չնայած դրան՝ սպառնալիքը Սովետական Միության ամբողջականությանը իրական ու անշրջելի դարձավ միայն այն ժամանակ, երբ ճեղքվածքն սկսեց անցնել ամենախոցելի տեղով՝ ըստ էթնիկական հատկանիշի:
Այդ դրամատիկ ժամանակներում ես հայտնվեցի հայ-ադրբեջանական հակամարտության էպիկենտրոնում ու դարձա գլխավոր գործող անձերից մեկը: Հանրահավաքներ, գործադուլներ, արտակարգ դրություն, պարետային ժամ, զինված կազմավորումներ, էթնիկական բախումներ, բախումներ զորքերի հետ, պատերազմ. այս բոլոր իրադարձությունները Սովետական Միությունում առաջին անգամ տեղի էին ունենում Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջը: Կյանքը ցույց տվեց, որ մեզ մոտ՝ Ղարաբաղում, այլ ընտրություն չկար. մենք ամեն գնով պաշտպանում էինք նախնիների հողի վրա ապրելու մեր իրավունքը: Լինելով կուսակցական աշխատող՝ ես անմիջապես դարձա ղարաբաղյան շարժման ղեկավարներից մեկը, զբաղվում էի ինչպես քաղաքական բաղադրիչով, այնպես էլ զինված ընդհատակի՝ ԼՂՀ ապագա Պաշտպանության բանակի հիմնադրմամբ: 1992 թվականի ամառը, երբ ադրբեջանական զորքերն օկուպացրել էին Ղարաբաղի կեսը, մեզ համար ամենաողբերգականն էր: Շատ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել, և ես ճգնաժամային կառավարման մոդել առաջարկեցի, որը համարժեք էր մեզ վրա կախված՝ Ղարաբաղի կորստի սպառնալիքին: Պատասխանատվությունը վերցրի ինձ վրա, ստեղծեցի ու գլխավորեցի Պետական պաշտպանության կոմիտեն՝ Հանրապետության իշխանության բարձրագույն մարմինը՝ արտակարգ լիազորություններով: Հաջողությունն ապշեցուցիչ էր: Երկու տարուց պակաս ժամանակում մեզ ոչ միայն հաջողվեց վերադարձնել ամբողջ Ղարաբաղի վերահսկողությունը, այլև շուրջը հուսալի պաշտպանական գոտի ստեղծել:
Պատերազմից անմիջապես հետո ինձ ընտրեցին Լեռնային Ղարաբաղի առաջին նախագահ: Սակայն 1997 թվականին ճակատագրի անսպասելի շրջադարձ եղավ, ու ես նախ դարձա Հայաստանի վարչապետ, ապա նախագահ՝ երկրի զարգացման վճռորոշ փուլում: Կոնֆլիկտ գործող նախագահի հետ, որը հարուցեց նրա հրաժարականը, արտահերթ ընտրություններ, երկիրը ցնցած խորհրդարանի ահաբեկչական գործողություն... Չափազանց ծանր տարիներ էին ինչպես ճգնաժամերի հաղթահարման, այնպես էլ ստեղծարար աշխատանքի և արդյունավետ բարեփոխումների համար, որոնք մեծապես փոխեցին Հայաստանի նկարագիրը: Իմ նախագահության տասը տարիների ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն աճեց հի՜նգ անգամ: Բարեբախտություն ունեցա որպես վարչապետ ու նախագահ աշխատել երկու երկրներում՝ ճանաչված ու չճանաչված, ընդ որում՝ նրանց կայացման՝ իրադարձություններով ամենից հարուստ տարիներին: Այնպես որ, պատմելու բան իսկապես ունեմ:
Գիրք գրելու մտադրություն չունեի, թեև հասկանում էի, որ իմ կենսագրությունը հազվագյուտ է և կարող է հետաքրքիր լինել: Պարզապես չէի մտածում, թե երբևէ կփորձեմ պատմել իմ անցած ճանապարհի մասին: Օրագիր պահելու սովորություն չեմ ունեցել, հուշերի գիրկն ընկնել չէի սիրում, հին ալբոմներ չէի թերթում. մի խոսքով, չէի խրվում-մնում անցյալի մեջ: Միշտ զբաղված եմ եղել գործով, առաջ եմ նայել և ապագայի պլաններ կառուցել: Պաշտոնաթող լինելուց անմիջապես հետո շատերն էին համոզում, որ անպայման զբաղվեմ հուշագրություններով, բայց ես դրա անհրաժեշտությունը չէի զգում: Առաջին անգամ գրքի մասին մտածեցի Հայաստանից դուրս երկու հանդիպումներից հետո: Այդ հանդիպումներին հրավիրվել էի որպես բանախոս, և հաճելիորեն զարմացրեց ու ոգևորեց լսարանի հետաքրքրությունն այն իրադարձությունների հանդեպ, որոնց մասին պատմում էի: Հանդիպման շատ մասնակիցներ հարցնում էին, թե ինչու մինչ օրս գիրք չեմ գրել, չէ՞ որ շատ հետաքրքիր կստացվեր: Սակայն վերջնական որոշում կայացրի, երբ «Սիստեմա» ԲՖԿ-ի ռազմավարական նստաշրջանի ընթացքում Ալթայում ծանոթացա Մարկ Ռոզինի հետ: Որպես ընկերության տնօրենների խորհրդի անկախ անդամի՝ ինձնից հարցազրույց վերցնելուց հետո Մարկը խոսեց գրքի մասին և ասաց, որ անպայման գրեմ: Այդ ժամանակ էլ մտածեցի, որ իսկապես արժե մարդկանց ներկայացնել իմ կյանքի պատմությունը:
Խոստովանեմ, երբ սկսեցի գրել, շատ փոշմանեցի որոշմանս համար: Բայց նահանջելու համար արդեն ուշ էր. կյանքում երբեք ու ոչինչ կիսատ չեմ թողել: Անցյալի, հատկապես ղարաբաղյան շրջանի մեջ խորանալը ծանր փորձություն դարձավ: Շատ բան արդեն անհուսալիորեն մոռացված էր թվում: Հարկ եղավ վերընթերցել բոլոր նախկին հարցազրույցներս, նայել պահպանված տեսագրությունները, բազմաթիվ հանդիպումներ ունենալ այդ տարիների իրադարձությունների մասնակիցների հետ: Ապշելու բան է, թե հիշողության խորքերից ինչպես հանկարծ սկսեցին դուրս լողալ կենդանի պատկերներն այն ամենի, որ շատ վաղուց էր եղել: Նույնիսկ մարդկանց դեմքերը, որոնց գոյությունը, թվում էր, մոռացել եմ, նրանց անուններն ու նրանց հետ կապված ապրումներս: Ես ամբողջ կյանքում հետևողականորեն ու բավական հաջող ինձ վարժեցրել եմ վերահսկելու հույզերս: Գիրքը գրելիս վերստին սովորում էի ազատագրել նրանց, և դա հիշողության խորքերում թաղված կերպարներին ազատություն տալու լավագույն միջոցն էր:
Ուզում էի, որ գիրքը հետաքրքիր լինի, ոչ թե պարզապես նկարագրի պատմական իրադարձությունները, որոնց մասնակցել եմ: Ուզում էի ցույց տալ պատմության հենքն ու նրան հյուսած մեր թելը, պատմել, թե ինչու էինք վարվում այս կամ այն կերպ, ինչն էր մեզ անհանգստացնում, ինչն էր խանգարում, և ինչն էր օգնում ու ոգևորում: Առաջին անգամ բացահայտել մեր նորագույն պատմության ամենադրամատիկ հատվածների անդրկուլիսյան մանրամասները:
Սկզբում մտածում էի գրել այն ամենի մասին, որ կատարվել է այդ զարմանալի տարիներին, նաև տալ նրանց անունները, ում հետ ծանրագույն ճանապարհ եմ անցել ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Սակայն փաստերի առատությունից գիրքը կորցնում էր դինամիկան, դառնում էր չափազանց ծանրաբեռնված, ակադեմիական ու դժվարընթեռնելի: Արդյունքում որոշեցի պատմել միայն ամենակարևոր իրադարձությունների մասին, որոնց մասնակցել էի:
Շնորհակալ եմ բոլորին, ում հետ աշխատել, շփվել ու ընկերություն եմ արել, և ներողություն եմ խնդրում նրանցից, ում անունները չեն հնչել գրքում:
ՄԱՍ I. ԽԱՂԱՂ ԿՅԱՆՔ
Գլուխ 1
ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
Ծնվել ու մեծացել եմ Ստեփանակերտում, որ փոքրիկ քաղաք էր Լեռնային Ղարաբաղի կամ, ինչպես մենք ենք ասում, Արցախի կենտրոնում: Երբ մտովի վերադառնում եմ մանկություն, հիշում եմ լեռների գրկում ամբողջ աշխարհից թաքնված մաքուր, կանաչ ու խնամված մեր քաղաքը:
Ասում են՝ իր հետ կատարվածից երկու տարի անց մարդ շատ բան մոռանում է, բացի ամենալավից կամ ամենավատից: Միակ մանկական ողբերգությունը, որ մինչ օրս հիշում եմ, մեր շան մահն է. Ջուլբարսը մեքենայի տակ էր ընկել: Մնացած հիշողություններս պատված են հեքիաթային ջերմությամբ, իսկ հիշողությունս բազում վառ և ուրախ պատկերներ է պահպանում:
Շատ լավ հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ լողացի: Վեց տարեկան էի: Ես ու եղբայրս լողում էինք մեր տնից ոչ հեռու փոքրիկ լճում, սկզբում թպրտում էի ափի մոտ, հետո, ինձ համար էլ աննկատ, հասա խորքը, որտեղ ոտքերս գետնին չէին հասնում: Հանկարծ զգում եմ, որ ջուրը գրկում ու պահում է ինձ, ձեռքերով շարժումներ եմ անում ու,- իհարկե, շնալողով,- բայց լողո՜ւմ եմ: Նույն ամռանը սովորեցի երկանիվ հեծանիվ քշել, ու դա էլ հեշտ ստացվեց, ինքն իրեն. գնացի՜նք, և ահա, տղերքի հետ սլանում եմ փոշոտ ճանապարհով: Հավասարակշռություն պահելու ունակությունն ու արագության կիրքը պահպանեցի ողջ կյանքում:
Մինչ օրս ամենայն մանրամասնությամբ հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ Սև ծով գնացի՝ ամբողջ ընտանիքով, մեր «Մոսկվիչով»: Գիշերում էինք հենց ափին, վրաններում, կայանատեղիներում: Եվ, իհարկե, ամենատպավորիչը ծովն էր: Մեր լեռնային գետակներից հետո ծովն այնքան տաք էր թվում, որ մեզ ջրից չէին կարողանում հանել: Այդ ժամանակ սուզվել սովորեցի ու վատ չէի լողում ջրի տակ՝ փողրակավոր դիմակով:
Երեխաների կյանքն այդ տարիներին դրսում էր անցնում: Ամռանը շուտ էինք զարթնում, վազում գետի ափ ու ամբողջ օրն անցկացնում այնտեղ. լողում էինք, ձուկ բռնում, խաղում: Մեր խաղերից շատերն այսօր ոչ ոք չի հիշում, դրանք վաղուց չկան: Շատ էի սիրում արշավները ու հաճախ, վրանը վերցնելով, ընկերներիս կամ եղբորս հետ գնում էի սարերը: Մեր նշանավոր Շուշիի կիրճն անգիր էի արել. գիտեի բոլոր կածաններն ու մեկուսի վայրերը, պրպտել էի բոլոր քարանձավներն ու սարերում հանգիստ կարող էի գիշերել նաև առանց վրանի:
Ձմռանը գլխավոր զբաղմունքը չմուշկներն ու դահուկներն էին: Ո՜նց էինք ուրախանում ընկերներով, երբ ձյուն էր գալիս: Լեռնադահուկներ այն ժամանակ, իհարկե, ոչ մեկը չուներ, զինվորական լայն դահուկներ էինք վերցնում, ոտքերը կապելու հարմարանքներ հորինում ու բարձունք գտնելով՝ սլանում ցած:
Ձյուն շատ էր գալիս, երկար ժամանակ չէր հալվում, ու քաղաքի փողոցները վերածվում էին համատարած սահադաշտի. այն ժամանակ աղ չէին լցնում: Քաղաքային ավտոբուսների անիվներին, որպեսզի չսահեն, շղթաներ էին փաթաթում: Մինչ ավտոբուսը փնչացնելով կբարձրանար քաղաքի վերևի մասը, տղերքով, չմուշկներ հագած, կախվում էինք հետևից, իսկ հետո ցած սղղում փողոցներով: Իմ մանկության չմուշկները՝ «ձյունիկները», շատ էին տարբերվում հիմիկվաններից. պարզապես երկու պողպատե սահակող, որ թոկերով կապվում էին սովորական ձմեռային կոշիկներին:
Մեր ընտանիքն ապրում էր քարաշեն տան մեջ, որ դեռ պապս էր կառուցել: Հիշում եմ՝ ինչպես էինք ամեն ամառ սուսրով ներկում թիթեղյա տանիքը, որ չժանգոտի: Տունը մի քանի անգամ վերակառուցվել էր. սկզբում միայն մի փոքրիկ սենյակ էր, հետո ժամանակի հետ կամաց-կամաց մեծացավ. երկու սենյակ ավելացավ, ծածկապատշգամբ ու նկուղ: Մինչ օրս պարզ տեսնում եմ պատերին կախված հին լուսանկարները. պապս, տատս, նախատատս: Ինձ՝ երեխայիս, տունն ահռելի էր թվում: Շատ տարիներ անց տեսնելով՝ զարմացա. պարզվում է՝ ի՜նչ փոքր է եղել: Պատերազմի ժամանակ տունն անվնաս էր մնացել, իսկ հետո քանդեցին. բոլորովին վերջերս այդ տեղում շինարարություն տեսա: Այգին էլ չկար, որ դեռ պապս էր սկսել տնկել:
Այգին հորս մեծ ուրախությունն ու հպարտությունն էր: Անվանի գյուղատնտես էր նա և իր գործը շատ էր սիրում: Երեք հսկա թթենիները համարյա կպած էին տանը, ու մենք երեխաներով ամբողջ օրը մագլցում էինք այդ ծառերի վրա: Եվ, իհարկե, քաղցր, հասած թութ էինք ուտում: Մեծերը թթից դոշաբ էին եփում: Եվ, իհարկե, օղի քաշում: Մինչ օրս, եթե օղի խմում եմ, ապա սովորաբար՝ թթի:
Վեց հոգով էինք ապրում. ծնողներս, տատիկս, Վալերա եղբայրս, ես ու մեր քույր Իվետան՝ հորս աղջիկը առաջին ամուսնությունից, որն այն ժամանակ ուսանող էր: Բուհից հետո մնացել էր աշխատելու Հայաստանում, իսկ հետո տեղափոխվեց Մոսկվա, ամուսնացավ:
Ես ու Վալերան մեր սենյակն ունեինք. մի սենյակ՝ երկուսիս: Տարիքի տարբերությունը մեծ չէր՝ ընդամենը երկու տարի: Երեխա ժամանակ իրար հետ հաճախ էինք կռվում. անհեթեթ բաներից, իհարկե. ես, որ փոքրն էի, համառում էի, ոչ մի հարցում չէի ուզում զիջել եղբորս: Իսկ հետո Վալերան հանկարծ աճեց, բոյ քաշեց, թափ առավ, հասունացավ, զգաց իր ուժը, և այդ ժամանակ մեր հարբերությունները փոխվեցին: Կռիվներն ավարտվեցին, ու սկսվեց ընկերությունը, որը շարունակվեց ամբողջ կյանքում:
Մենք նաև մեր ընտանեկան գաղտնիքներն ունեինք: Դրանցից մեկը՝ հորս պատմությունը, իմացա, երբ արդեն մեծ էի:
Պապս ընտանիքով Բաքվում էր ապրել: Երբ 1918 թվին թուրքերը մտել էին Բաքու, ու սկսվել էին հայկական ջարդերը, հայրս կորել էր: Ութամյա տղան փախչողների բազմության հետ հայտնվել էր լաստանավի վրա ու Կասպից ծովով հասել Միջին Ասիա: Հեղափոխություն, քաղաքացիական պատերազմ, անիշխանություն, ամենուր՝ անկարգություններ, բայց պապիկս ու տատիկս, աղջիկների հետ, փրկվել ու կարողացել էին հասնել Ղարաբաղ: Իսկ հայրս երկար անապաստան դեգերել ու, ի վերջո, հայտնի չէ՝ ինչպես, հայտնվել էր Տաշքենդում: Եվ այնտեղ բախտը բերել էր. նրան ու իր պես անապաստանների օթևան էր տվել մի հարուստ հայ: Երեխաները աշխատում էին նրա համար, իսկ հայը նրանց կերակրում էր, նույնիսկ դպրոց էր տվել: Մի խոսքով, փրկել էր երեխաներին:
Տատիկս այդ բոլոր տարիներին որդուն գտնելու հույսը չէր կորցրել: Երկրում աստիճանաբար վերականգնվում էր կարգուկանոնը, սկսել էր աշխատել փոստը: Ու տատիս եղբայրը, որ մեծ մարդ էր դարձել միլիցիայում՝ ղեկավարում էր բանդիտիզմի դեմ պայքարի բաժանմունքը, կարողացել էր Տաշքենդում գտնել վեց տարի առաջ կորած երեխային ու բերել Ստեփանակերտ: Հայրս այդ ժամանակ արդեն տասնչորս տարեկան էր: Տատիկս ամաչում էր կատարվածից՝ ինչպե՞ս կարող էր կորցնել տղային, ու հորս արգելել էր պատմել այդ մասին: Ոչ ոք չգիտեր: Չնայած՝ այդ պատմության արձագանքները, իհարկե, մեկ այստեղից, մեկ այնտեղից լսվում էին: Օրինակ՝ ամեն տարի Տաշքենդից մեզ հյուր էր գալիս հորս մտերիմ ընկերը: «Ի՞նչ ընկեր: Որտեղի՞ց Տաշքենդում ընկեր»: Հայրս չէր պատասխանում, ու միայն հետո պարզվեց, որ երեխա ժամանակ միասին աշխատել են այդ նույն հայի մոտ:
Մի գաղտնիք էլ պապիս էր վերաբերում:
Ես նրան չեմ տեսել. մինչև իմ ծնվելն է մահացել: Մի անգամ, լրիվ պատահական, գյուղում մի մարդու հանդիպեցի, որն ասաց, թե լավ գիտի պապիս՝ դերանց Սարգիսին: Հարցրի՝ ինչո՞ւ է պապիս «դերանց» ասում: «Ո՜նց,- ասում է,- պապդ մեր շրջանի վերջին քահանան է եղել»: Երբ պապս, ջարդերից փրկվելով, վերադառնում է Ղարաբաղ, նրան, որպես գրաճանաչ մարդու, առաջարկում են քահանա դառնալ. գրագետ մարդիկ այն ժամանակ հազվագյուտ էին: Պապս համաձայնել էր ու սպասավորել մինչև 20-ական թվականների վերջը, մինչև կփակեին վերջին եկեղեցին: Իսկ հայրս երդվյալ կոմունիստ էր, բայց երկար ժամանակ կուսակցության մեջ չէին ընդունում. ծագումն այն չէր: Հայրս ծանր էր տանում ու նույնիսկ շատ տարիներ անց մեզ հետ դժկամությամբ էր քննարկում այդ թեման:
Հորական տատս աչքի էր ընկնում խիստ բնավորությամբ. չեմ հիշում, որ երբեևէ ժպտար: Քահանայի այրի լինելով՝ տատս Աստծուն չէր հավատում: Ես ու եղբայրս երբեմն հոգու հետ խաղում էինք. «Տատի՛, բա մեզ դպրոցում ասում են, որ Աստված կա»: Նա միայն ձեռքն էր թափ տալիս ու խնդրում հիմարություններ դուրս չտանք: Չնայած տատիկը երբեք չէր պատժում ինձ ու եղբորս, անխոս ենթարկվում էինք, ըստ երևույթին՝ զգալով նրա ներքին ուժն ու խստությունը: Տատս երեք երեխա ուներ. մեծը տղան էր՝ հայրս, ու երկու աղջիկ: Մի աղջկա ամուսինը զոհվել էր Հայրենական պատերազմում, ու նա որդու հետ Բաքվում էր ապրում, իսկ փոքրը ընտանիքով Ստեփանակերտում՝ մեզնից ոչ հեռու: Շատ շուտ ու անսպասելի մահացավ, երբ ես արդեն ծառայում էի բանակում, իսկ նրա մահվանից ուղիղ մի տարի անց տատիկս մեծ քանակությամբ քնաբեր խմեց. ուզում էր ինքնասպան լինել: Երբ տատիկին ուշքի էին բերել, բացատրել էր. «Ես իմ աղջկանից երկար չպիտի ապրեմ»:
Մեր ընտանիքում մեծերը երբեք չէին կռվում, երեխաների վրա ձայն չէին բարձրացնում: Մայրս սկեսուրի հետ հաշտ էր ապրում: Գուցե երեխաների բացակայությա՞մբ էին հարաբերություններ պարզում: Կարծում եմ՝ ոչ. մեր կյանքը ոչնչով չէր մռայլվում: Տան հոգսը ամբողջովին մորս ուսերին էր: Կամային, չափավոր խիստ ու գործնական՝ նա էր սահմանում տան ներքին կարգուկանոնը, վարում ընտանեկան հաշիվներն ու զբաղվում մեր դաստիարակությամբ: Նրա վրա էր երեխաների կրթությանը վերաբերող ամեն ինչի պատասխանատվությունը: Եղբայրս, հիշում եմ, առավոտները դժվար էր վեր կենում: Ես մինչև զարթուցիչի զանգն արդեն արթնացած էի լինում, իսկ Վալերային ստիպված էին երկար քաշքշել: Մայրիկն արթնացնում է, իսկ եղբայրս, քունը գլխին, փնթփնթում է. «Լավ, էլի՜, մա՛մ, մի րոպե էլ... մի վայրկյան...»: Այ, այստեղ մայրիկի ձայնի մեջ կարող էին և խիստ երանգներ հայտնվել:
Մորս հետ իմ վեճերի հիմնական պատճառը երաժշտության պարապմունքներն էին: Նրա հեռու զարմիկը լավ ջութակ էր նվագում, ու մայրս երազում էր, որ ես էլ նվագել սովորեմ: Առաջին դասարանում ուղարկեց երաժշտական դպրոց, իսկ ես ահավոր ամաչում էի ու սկսեցի ատել ջութակը: Երբ պատյանը ձեռքիս անցնում էի փողոցով, ականջներս վառվում էին, ուզում էի գետնի տակն անցնել: Երկու տարի տառապեցի, երրորդին գտա լուծումը: Տնից դուրս եմ գալիս իբր պարապմունքի գնալու, բայց աննկատ, որ անցորդները չտեսնեն, ջութակը պահում եմ շիմշատի թփերում ու վազում տղերքի հետ ֆուտբոլ խաղալու: Խաղում-վերջացնում եմ, վերցնում ջութակը ու հանգիստ գալիս եմ տուն: Մի երկու ամիս այդպես փախա երաժշտությունից, մինչև ուսուցչուհին զանգեց ծնողներիս: Այստեղ իմ գաղտնիքը բացվեց, ու տանը սարսափելի սկանդալ պայթեց: Մայրս ուզում էր ինձ վերադարձնել դպրոց, բայց ես հրաժարվեցի: Կտրականապես: Արդեն սովորել էի դիմադրել: Մայրիկը զիջեց, բայց անցավ եղբորս: Վալերային դաշնամուրի տվեց: Նա թողեց դաշնամուրը: Այդ ժամանակ մայրս նրան խնդրեց զբաղվել կլառնետով. նույն պատմությունը: Մի խոսքով, մայրս չէր հանձնվում, մենք՝ նույնպես, ու մեզնից այդպես էլ երաժիշտ դուրս չեկավ...
Բայց և այնպես, ընտանիքում գլխավորը հայրս էր: Հիշում եմ՝ աշխատանքից ուշ էր գալիս տուն ու հաճախ գնում էր գործուղումների: Հայրս ոգևորված էր գյուղատնտեսությամբ ու դրա պատասխանատուն էր ամբողջ մարզի մասշտաբով. Ղարաբաղում խաղողագործության զարգացման հաջողությունը նրա վաստակն էր: Բացի դրանից՝ երկար տարիներ մարզգործկոմի նախագահի տեղակալի պաշտոնին էր և իր աներևակայելի զբաղվածությամբ հանդերձ՝ հասցնում էր գիտական աշխատանք կատարել: Թեկնածուական թեզ պաշտպանելուց հետո մնաց մեր քաղաքում, ինչը բավական անսովոր էր այն ժամանակների համար. մարդիկ գիտական աստիճան ստանալով՝ առավել հաճախ մեկնում էին մայրաքաղաք՝ Բաքու կամ Երևան: Իսկ հայրս հավատում էր, որ ինքը պետք է այստեղ՝ Լեռնային Ղարաբաղում: Եվ մեր լեռներում նա՝ գյուղատնտեսը, քաղաք-այգի էր հիմնում, կոմունիզմ կառուցում, որի գաղափարներին հավատաց ամբողջ կյանքում:
Զբաղվածության պատճառով հայրս միշտ չէ, որ կարողանում էր զբաղվել ինձանով, բայց ձգտում էր տալ գլխավորը, որը, իմ կարծիքով, պետք է կարողանա ցանկացած տղամարդ: Հիշում եմ՝ ինչպես սովորեցրեց մեքենա վարել: Մի հին «Մոսկվիչ» ունեինք, կարծեմ՝ 403 մակնիշի, կլորավուն: Այդ ժամանակ տասներեքս էր լրացել, ու բարձրահասակ չէի: Հայրս նստեցրեց ղեկի մոտ ու ասում է. «Ոտնակին հասցնում ե՞ս»: -«Հասցնում եմ»: -«Ճամփան տեսնում ե՞ս»: -«Տեսնում եմ»: -«Դե քշի՛»: Ու ես քշեցի:
Հայրս էր, որ առաջին անգամ զենք տվեց ձեռքս. միփողանի, ողորկափող հրացան: Սկզբում նրբատախտակի կամ ստվարաթղթի վրա նկարած ինքնաշեն թիրախների վրա էինք կրակում, հետո որսի գնացինք սարերը: Հիշում եմ՝ ինչքան հպարտ էի, երբ առաջին անգամ կաքավ խփեցի: Հայրս շուտով թույլ տվեց՝ ինքնուրույն զենք օգտագործեմ, իսկ հետո ընդհանրապես տվեց ինձ: Մեր բակի տղաներից ոչ մեկը դեռ զենք չուներ: Տղերքով հավաքվում և այդ հրացանով,- մեկը՝ բոլորին,- գնում էինք սարերը՝ որսի:
Ես ռուսական դպրոցում էի սովորում ու լավ էի սովորում: Կարևոր չէր՝ առարկան դուր էր գալիս թե ոչ, բայց անպատրաստ դասի գնալն աներևակայելի էր: Չէի կարող պատկերացնել ավելի մեծ խայտառակություն, քան գրատախտակի մոտ անօգնական կանգնելը՝ չիմանալով ինչ պատասխանեմ: Ընդհանրապես արագաշարժ ու կարգապահ էի. դպրոցից եկար, արագ արեցիր դասերդ ու ազատ ես: Մաթեմատիկան, ֆիզիկան հեշտ էին տրվում, սիրում էի աշխարհագրությունն ու գրականությունը: Լեզուների հարցն ավելի դժվար էր. շարադրություն հեշտ էի գրում, բայց սխալնե՜րը... Ու միայն երկու առարկա չէին ձգում ընդհանրապես՝ հայերենն ու անգլերենը: Ու կյանքը, ասես դիտմամբ, ստիպեց դրանք սովորել արդեն հասուն տարիքում: Արդեն Հայաստանի վարչապետ դառնալով՝ ո՜նց էի փոշմանում, որ հաճախ բաց էի թողնում հայերենի դասերը: Դպրոցում չէի հասկանում, որ այդպես պետք է գալու. մեր ղարաբաղյան բարբառը շատ է տարբերվում գրական հայերենից, ու Հայաստանում այն դժվար են հասկանում:
Մեր կյանքի կենտրոնը բակն էր:
Մեր տունը մեծ, բազմաբնակարան շենքի կողքին էր, որի ընդարձակ բակում ամեն երեկո հավաքվում էին հարևանները՝ մեծեր, ծերեր, երեխաներ: Բոլորն իրար լավ ճանաչում էին ու ազատ ժամանակը միասին էին անցկացնում, մեկ ընտանիքի պես: Հիշում եմ տաղավարը բակի մեջտեղում, ուր մեծերն անդադար նարդի ու շախմատ էին խաղում՝ իրար ձեռ առնելով, իսկ մենք՝ երեխաներս, վազվզում էինք շուրջը: Հիշում եմ, թե ինչպես էր մեկնումեկի սուր կատակից հետո տաղավարը պայթում միահամուռ քրքիջից, և այդ քրքիջը, շենքի պատերից արձագանքվելով, հասնում էր բակի ամենահեռավոր անկյունները: Ու քանի որ բոլորն անընդհատ ձեռ էին առնում բոլորին, ծիծաղն էլ ոչ մի րոպե չէր դադարում: Մի խոսքով, բակում բարեկամական և ուրախ մթնոլորտ էր:
Մեր բակը էլիտար էր համարվում: Մեծ շենքում ապրում էին մարզային միլիցիայի պետը, ժողովրդական վերահսկողության պետն ու կուսակցության մարզկոմի մի քանի աշխատակից: Ընդհանուր առմամբ՝ ինտելիգենտ ժողովուրդ էր հավաքվել. գիրք էին կարդում, սպորտով զբաղվում: Հարևանությամբ դպրոցն էր՝ մարզադաշտով, ու մենք այնտեղ ֆուտբոլ, բասկետբոլ, ձեռքի գնդակ էինք խաղում, որն այն ժամանակ մեծ հեղինակություն էր վայելում: Իհարկե, պատահում էր նաև, որ խաղալիս իրար հետ լեզու չէինք գտնում, վիճում էինք, կռվում, բայց այդպիսի դեպքերը չէին խանգարում մեր ընկերությանը: Մի փողոց ներքև խուլիգանական բակեր կային, ու այնտեղի տղաները երբեմն գալիս էին մեզ մոտ ֆուտբոլ խաղալու. մեկ հաշտ ու խաղաղ խաղում էինք, մեկ՝ բակերով կռվում: Բայց լուրջ բախումներ չէին լինում. պարզապես ուժի ու տաքարյունության ավելցուկից երբեմն բռունցք էինք ճոճում իրար վրա:
Մի խոսքով, մանկությունս անամպ ու երջանիկ է եղել, ինչպես և իմ հասակակից ղարաբաղցիների մեծ մասի մանկությունը: Գուցեև կանխակալ եմ, բայց հիմա էլ համոզված եմ, որ մեր մարզը յուրահատուկ էր: Շուրջը՝ և՛ Ադրբեջանում, և՛ Հայաստանում, և՛ ամբողջ Կովկասում, ծաղկում էր կաշառակերությունը, հեղինակություն էին վայելում օրենքով գողերը: Իսկ Ղարաբաղը օրինականության ու կարգուկանոնի օազիս էր, «կաշառք» բառը որպես ամենասարսափելի վիրավորանք էր ընդունվում, ու մարդիկ լրջորեն մտածում էին, որ կոմունիզմ են կառուցում: Ըստ երևույթին, համընդհանուր հավասարության ու եղբայրության գաղափարը համահունչ էր ավանդական արժեքներին, որոնցով դաստիարակվել էին ղարաբաղցիների բազում սերունդներ, ու կատարյալ հասարակության երազանքն արմատ էր գցել մեր հողում: Լեռնային Ղարաբաղի բնակիչները՝ օրինահարգ սովետական քաղաքացիներ, անկեղծորեն հավատում էին պայծառ ապագային:
Այդպես էլ ապրում էինք՝ պարզ ու հանգիստ, ու թվում էր՝ ոչ մի ցնցում չի վրդովի մեր խաղաղ ու մեկուսի եզերքը, միայն սերունդները կփոխարինեն սերունդներին:
Գլուխ 2
ՈՒՍԱՆՈՂ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
Տասներորդ դասարանում հաստատ գիտեի հաջորդ քայլս՝ գնալու եմ Մոսկվա՝ տեխնիկական բուհ ընդունվելու: Հետոն չէի մտածում. մնացած ամբողջ կյանքը թվում էր մաքուր էջ, որի վրա կարելի է գրել ցանկացած պատմություն: Տեխնիկական բուհ էի ընտրել, որովհետև բնագիտական առարկաներն ինձ շատ ավելի էին դուր գալիս, քան հասարակագիտականները: Մոսկվան՝ որովհետև Ստեփանակերտի միակ ինստիտուտը մանկավարժական էր, իսկ ես ընդհանրապես չէի դիտարկում այդ տարբերակը: Լավ կրթություն ստանալու համար Ստեփանակերտի տղաները առավել հաճախ գնում էին Երևան կամ Մոսկվա: Այլ երկիր ուսման մեկնելն անհնար էր. սահմանները փակ էին, լավագույն կրթությունը Մոսկվայում էր, ուրեմն՝ դեպի Մոսկվա:
Տասներորդ դասարանի դպրոցական քննությունները գերազանց հանձնելով՝ հավաքեցի ճամպրուկս ու մեկնեցի մայրաքաղաք: Մոսկվայում ինձ դիմավորեց քույրս. նա և ամուսինը ապրում էին Ռեուտովում: Քննությունների ընթացքում նրանց մոտ էի մնալու: Հաջորդ օրը գնացի փաստաթղթերս հանձնելու Մոսկվայի Էներգետիկայի ինստիտուտ, նայեմ՝ ինստիտուտի շուրջը բոլոր սյուները ծածկված են հայտարարություններով՝ կրկնուսույցներն իրենց ծառայությունն էին առաջարկում: Պարզվում է՝ մոսկվացիները լրիվ ուրիշ պատրաստություն էին ստանում: Մեզ մոտ նույնիսկ այդպիսի բառ չկար՝ «կրկնուսո՜ւյց»: Համարվում էր, որ դպրոցում լավ սովորելն արդեն բավարար է: Ուրեմն պետք է պակասը լրացնել: Մինչև քննությունները դեռ ժամանակ կար: Մաթեմատիկայի կրկնուսույց գտա, պայմանավորվեցի ու գլխովին թաղվեցի պարապմունքների մեջ: Այնպես որ, մոսկովյան կյանքիս առաջին շաբաթը որպես շուրջօրյա պարապմունքի մղձավանջ եմ հիշում:
Հակառակ անհանգստությանս՝ վատ չհանձնեցի քննություններն ու ընդունվեցի էներգետիկայի ֆակուլտետ: Զանգեցի հորս: Այն ժամանակ բջջային կապ չկար. ուրիշ քաղաք զանգելու համար պիտի գնայիր փոստատուն, զանգ պատվիրեիր, ընդ որում՝ նախապես հեռախոսավարուհուն ասելով, թե քանի րոպե ես խոսելու, ու նստեիր-սպասեիր, որ միացնեն: Լսելով, որ ուսանող եմ դարձել, հայրս ուրախացավ: Չնայած նրա հատուկ զսպվածությանը՝ զգացի՝ հպարտ է, որ որդին սովորելու է մայրաքաղաքում:
Միայն հիմա առաջին անգամ բարձրացրի գլուխս ու նայեցի շուրջս: Առաջներում արդեն եղել էի Մոսկվայում, յոթերորդ թե ութերորդ դասարանում, բայց շատ կարճ ուղևորություն էր, ու քիչ բան էի հիշում: Իսկ հիմա Մոսկվան իսկապես տպավորեց լեռնային ոչ մեծ քաղաքից եկած տղայիս. այլ մասշտաբներ են, այլ մթնոլորտ, մետրոն՝ իր ստորգետնյա պալատներով, միանգամայն ուրիշ մարդիկ: Ինձ մոլորված չէի զգում. ուրախանում էի, հպարտանում, վայելում ամառը, օրերով շրջում էի քաղաքում, առնում մայրաքաղաքի շունչը:
Աշնանը ինստիտուտում սկսվեցին դասերը: Պարզվեց՝ սովորելը շատ ավելի հեշտ էր, քան կարծում էի, բայց և՝ ոչ այնքան գրավիչ: Գուցե այն պատճառով, որ իմ կյանքում մի շատ հետաքրքիր ու կրթված մարդ էր հայտնվել, իսկական քայլող հանրագիտարան՝ քրոջս ամուսինը, Կիմ Գրիգորյանը: Այդպիսի բազմագիտակ մարդու նախկինում չէի հանդիպել և գուցե մինչ օրս էլ չեմ ճանաչում: Կիմն էլ էր ծնունդով Ստեփանակերտից, ավարտել էր Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը: Կոնստրուկտորական բյուրո էր ղեկավարում մի խոշոր գործարանում: Ես Լեֆորտովոյի ուսանողական հանրակացարանում էի տեղավորվել, բայց համարյա բոլոր կիրակիները Ռեուտովում էի անցկացնում, Կիմի ու քրոջս հետ: Հենց այդ փոքրիկ բնակարանում էլ սկսվեց իմ ոչ պաշտոնական կրթությունը:
Երեկոները Կիմի հետ նստում էինք խոհանոցում: Արտասովոր բաներ էր պատմում: Ես մեծացել էի մի ընտանիքում, որտեղ սովետական կարգերի արդարությունն ու արդյունավետությունը կասկածից վեր էին: Սովորական սովետական տղա, կոմունիստի որդի՝ ես կարծում էի, որ ապրում եմ աշխարհի ամենալավ երկրում: Եվ ահա, օրը օրին, երեկոյից երեկո Կիմն ինձ ցույց էր տալիս իրականությունը: Իմացա Ստալինի բռնաճնշումների մասին, իմացա կոլեկտիվացման ընթացքում սովից մահացած միլիոնավոր մարդկանց մասին, իմացա պատերազմից անմիջապես առաջ բանտարկված կարմիր հրամանատարների մասին, իմացա Ստալինի ու Հիտլերի գաղտնի համաձայնության մասին, որով որոշել էին բաժանել Եվրոպան:
Կիմը գործուն այլախոհ չէր. պարզապես շատ սթափ էր մտածում և անզիջում քննադատում էր տիրող կարգերը: Միությունում այն ժամանակ քչերն էին հասկանում, թե իրականում որքան սարսափելի էր Ստալինի ռեժիմը, ու նեխած՝ բրեժնևյան ժամանակը: Կիմը, հանձին ինձ, երախտապարտ ու, երևի, հազվագյուտ ունկնդիր էր գտել ու վրաս էր տեղում այդ ամբողջ ճշմարտությունը: Իսկ խոր գիշերով, տևական զրույցներից հոգնած, խլացուցիչների աղմուկի միջով որսում էինք «Ազատություն» ռադիոն կամ ջազ լսում:
Կիմը նաև գրքեր էր տալիս: Ո՛չ «սամիզդատ, այլ քաղաքական, փիլիսոփայական, աստվածաբանական գրականություն, բայց դա էլ էր փոխում գիտակցությունը:
Ամեն ինչ սկսվեց Սպինոզայի «Աստվածաբանական-քաղաքական տրակտատից»: Մինչ այդ նման բան չէի կարդացել: Շատ բարդ, բայց ահավոր հետաքրքիր էր: Այդ գրքից հետո աշխարհը յուրովի բացվեց իմ առաջ, հավատացի, որ միայն բանականության վրա հիմնված ու մարդկանց կողմից կամավոր ընդունված հանրային պայմանագիրն է ունակ սանձելու առանձին անհատի կրքերն ու արատները: Նման գաղափարները ոչ մի կապ չունեին սովետական իրականության հետ, բայց այդ ժամանակ չէի էլ փորձում դրանք կապել իրար, պարզապես յուրացնում էի: Չնայած՝ տասնամյակներ անց, երբ արդեն հետսովետական Հայաստանի նախագահն էի, իմ շատ որոշումների վրա գուցեև աննկատ ազդել է XVII դարում գրված այդ գիրքը, որ կարդացել էի 17 տարեկանում:
Մի անգամ Կիմն ինձ Աստվածաշունչ նվիրեց: Գրպանի փոքրիկ գիրք էր՝ փափուկ կազմով, հազար էջ. ինքնին արդեն փոքրիկ հրաշք: Թռուցիկ կարդացի՝ մինչև վերջ չհասկանալով՝ ինչիս է պետք: Հավատացյալ, իհարկե, չդարձա, բայց գաղափարական հենքը, որն այն ժամանակ կառուցում էին յուրաքանչյուրիս մեջ, երերաց. Ասվածաշունչը ցանկացած դպրոցի միջանցքներում որպես ցուցադրական ագիտացիա կախված կոմունիզմ կառուցողի բարոյական կոդեքսից մարդկային էր թվում:
Չնայած Կիմի հետ զրույցներն ու գրքերը այդ տարի հզոր ցնցում էին ինձ համար՝ փիլիսոփա կամ այլախոհ չդարձա: Ճիշտ է, սովորելու հանդեպ սառեցի. տեխնիկական առարկաները պատասխան չէին տալիս փիլիսոփայական հարցերին, իսկ այդպիսի հարցեր ավելի ու ավելի հաճախ էի ունենում: Զգացողություն ունեի, թե գուցե ճիշտ բուհ չե՞մ ընտրել, բայց շարունակում էի պարապել ու վատ չհանձնեցի առաջին ձմեռային քննաշրջանը: Դրա հետ մեկտեղ հասցնում էի նաև ապրել լիարժեք ուսանողական կյանքով. ընկերներ հայտնվեցին, միասին զբոսնում էինք Մոսկվայում, գնում կինո, սրճարան. սովորելուց շեղող լիքը զվարճանք ու գայթակղություն կար մայրաքաղաքում: Ուսանողների շրջանում, չգիտես ինչու, մեծ հռչակ էր վայելում Կալինինի պողոտայի (հիմա՝ Նոր Արբատ) «Մետելիցան». արշավանքները սրճարան մեծ շքեղություն էին համարվում: Շաբաթ օրերը դիսկոտեկ էինք գնում մեր հանրակացարանում: Այդպիսի դիսկոտեկներից մեկը շրջադարձային եղավ իմ ուսանողական կյանքում:
Մի անգամ՝ մայիսի վերջին, հենց քննաշրջանից առաջ, մի անծանոթ լկտի տղա հայտնվեց դիսկոտեկում: Իրեն հանդուգն էր պահում. կարծում էր՝ ինչ ուզի կանի, ու ակնհայտորեն կռվի էր մղվում: Ես բորբոքվեցի: Ընկերներս փորձեցին ինձ կանգնեցնել, թե՝ ինչ-որ մեկի տղան է, ավելի լավ է՝ գլուխդ ցավի տակ չդնես, հեռու մնա... Ես չմնացի, ու բանն ավարտվեց կռվով: Խփեցի նրան ու, ինչպես պարզվեց, ուժեղ: Ոչինչ չէի վնասել, չէի ջարդել, բայց աչքի տակ մեծ կապտուկ հայտնվեց: Այդ պատմությանը լուրջ նշանակություն չտվեցի. ինչ ասես պատահում է, բռունցք կճոճես, հետո կհանգստանաս, ու նույնիսկ կարելի է ընկերանալ:
Մեկ օր անց կանչեցին դեկանատ: Պահանջեցին, որ բացատրություն գրեմ, սպառնացին հեռացումով: Ես փորձում էի արդարանալ. «Ինքը սկսեց...»: Պարզվեց՝ այդ տղան ինստիտուտային ինչ-որ ղեկավարության ազգականն է, դրա համար էլ դիսկոտեկի միջադեպն անսպասելիորեն սրված ուշադրության առարկա էր դարձել: Ինձ անմիջապես չհեռացրին երևի միայն այն պատճառով, որ չափազանց ակնհայտ էր այդ տղայի մեղքը. լավ խմած էր ու ինքն էր սադրել կռիվը: Բայց պատմությունը ձգվեց, ստիպված էի նորից ու նորից դեկանատ գնալ, ֆակուլտետի ղեկավարության հետ հարաբերությունները շատ վատացան, ու հետաքրքրությունս ուսման հանդեպ, որ առանց այն էլ թուլացել էր, դրա ֆոնին ընդհանրապես մարեց: Ծնողներիս այդ միջադեպի մասին հաստատ պատմել չէի կարող, քրոջս ու Կիմին էլ, չգիտես ինչու, չպատմեցի:
Ի վերջո, դեկանին ասացի, որ կտեղափոխվեմ ուրիշ ինստիտուտ, ու խնդրեցի սեփական ցանկությամբ հեռանալու հնարավորություն տալ: Պայմանավորվեցինք:
Նորից ամառ եկավ, էլի մի հուլիս: Մի տարի առաջ էի եկել Մոսկվա, հանձնել քննությունները, անունս տեսել ընդունվածների ցուցակում ու զանգել հորս, որ ասեմ՝ ուսանող եմ: Հայրս այնպե՜ս էր հպարտանում տղայով... Ինստիտուտից հեռանալն ինձ առանձնապես չէր տխրեցրել, բայց անտանելի ամոթ էր, ու երկար ժամանակ հետաձգում էի հորս հետ խոսակցությունը: Հասկանում էի, որ այդ նորությունը նրա համար իսկական ողբերգություն կդառնա:
Բայց այլևս ձգել հնարավոր չէր, ու գնացի փոստատուն:
Հերթապահ աղջկան եմ պարզում մեր տան հեռախոսահամարով թերթիկը, նստում ու սպասում, որ միացնեն: Ժամանակն անտանելի դանդաղ է սողում: Րոպեները ժամ են թվում: Եվ ահա, վերջապես, լսափողի մեջ, խշշոցի ու ճրթճրթոցի միջով լսում եմ հորս հեռավոր ուրախ ձայնը. տղա՜ն է զանգում:
- Պա՛պ, ինստիտուտից դուրս եմ եկել:
Հայրս ապշեց անսպասելի նորությունից:
- Ինչո՞ւ: Ի՞նչ է պատահել:
Տառապագին փորձում եմ պատասխան գտնել. կոնֆլիկտի մասին պատմել չեմ կարող, իսկ սովորել չկարողանալուս հայրս չի հավատա. միշտ գերազանցիկ եմ եղել.
- Չստացվեց: Էլ չեմ ուզում սովորեմ: Բանակ կգնամ:
Հայրս լուռ է: Չգիտի՝ ինչ ասի:
- Կգնամ Խարկով:
Մորս հարազատ եղբայրները Խարկովում են ապրում: Տուն վերադառնալ չէի կարող. չգիտեի ոնց եմ նայելու հորս աչքերին:
Մի ամիս պարապ ման եկա Խարկովում ու վերադարձա Ստեփանակերտ: Տեսնում էի, որ հայրս դառնացած է, բայց ոչինչ չհարցրեց: Ես էլ ամեն կերպ խուսափում էի ընդհատված ուսման մասին խոսակցություններից:
Էլեկտրատեխնիկական գործարանում աշխատանքի տեղավորվեցի որպես փականագործ-հավաքող: Հինգ օր աշխատում էի, հանգստյան օրերին ընկերներիս հետ գնում սարերը, հաճախ՝ հրացանով: Աշունը, որ անպատմելի գեղեցիկ է Ղարաբաղում, վառվռուն գույներով էր ներկել սարերը: Երբեմն նույնիսկ որս անել չէի ուզում, որ չխախտեմ տիրող խաղաղությունն ու լռությունը, պարզապես շրջում էի լեռնային կածաններով: Մոսկովյան ուսանողական կյանքը ավելի ու ավելի հեռանում ու կամաց մոռացվում էր:
Գլուխ 3
ԲԱՆԱԿ
Ապագայի որևէ ծրագիր չունեի, սպասում էի զորակոչին: Բոլոր ընկերներս ծանուցագիր էին ստացել նոյեմբերի 9-ի համար, ու ես ուզում էի նրանց հետ գնալ՝ հուսալով, որ միասին կծառայենք: Բայց զինկոմիսարիատում իմ մասին մոռացել էին. չէ՞ որ գնացել էի սովորելու, և, ըստ երևույթին, փաստաթղթերս ճանապարհին ուշացել էին: Ստիպված հորս խնդրեցի, որ օգնի: Հայրս զանգեց զինկոմիսարին, որին լավ էր ճանաչում. էսպես ու էսպես, տղաս շտապ, հենց հիմա ուզում է ծառայության գնա: Զինկոմիսարը շա՜տ էր զարմացել. «Առաջին մարդն եք, որ զանգում է ինձ, որպեսզի որդուն արագ բանակ տանեն: Սովորաբար խնդրում են, որ չտանեն կամ ավելի ուշ տանեն»: Նա կատարեց հորս խնդրանքը, ու նոյեմբերի տոներից անմիջապես հետո գնացի բանակ:
Ընկա երկաթուղային զորքեր, որոնց գոյության մասին նախկինում չէի էլ լսել: Մտածեցի, որ երկաթգծով, երևի, երկրի մի ծայրից մյուսն ենք գնալու՝ զինվորական առաջադրանքներ կատարելով: Բայց պարզվեց, որ պիտի կառուցենք այդ նույն երկաթգիծը, որով ուրիշներն են տեղաշարժվելու: Շինգումարտակից տարբերությունն այն էր, որ երկաթուղային զորքերում աշխատանքի համար ոչինչ չեն վճարում... Զինվորական ծառայության ռոմանտիկան անմիջապես կորավ:
Սկզբում Չերեպովեցի ուսումնական զորամասնն էր: Քաղաքը հիշողությանս մեջ մնաց միայն մետաղաձուլական գործարանի ծխնելույզներով: Մինչև հորիզոնը՝ համատարած ծխնելույզներ, ծխնելույզներ, ծխնելույզներ, և ամեն մեկն իր գույնով է ծխում՝ նարնջագույնից մինչև սև: Ձյուն եկավ, ու հաջորդ օրն արդեն լրիվ գույնզգույն էր՝ ներկված այդ ծխնելույզներից տարածվող մրով: Ուսումնարանում խմբեր էին հավաքվել տարբեր հանրապետություններից, երկրի տարբեր տարածաշրջաններից. մենք՝ ղարաբաղցիներս, այնտեղ տասը հոգի էինք, ու նրանց մեջ ընկերներիցս ոչ մեկը չկար:
Ուսումնական զորամասն առանձնահատուկ երևույթ է: Նույն զորակոչի շատ տղաներ հայտնվում են անսովոր պայմաններում, ուր պիտի հասկանան ու զգան, թե ինչ է զինվորական ծառայությունը: Այդ ըմբռնումը մասամբ գալիս է իրար ճանաչելու և ներքին ոչ պաշտոնական հիերարխիայի կառուցման ընթացքում, այն է՝ ով է քնելու երկհարկ մահճակալի ներքևի և ով՝ վերևի հարկում, կամ վերակարգի զույգից ով է պատասխանատու զուգարանների մաքրության համար: Զուգարան մաքրել բոլորովին չէի ուզում:
Հենց այստեղ ամբողջ խորությամբ հասկացա Սպինոզայի «Քաղաքական տրակտատի» «բնական իրավունքի» էությունը: Ինքնահաստատման միակ գործիքը բռունցքն էր ու այն գործի դնելու մշտական պատրաստականությունը: Ես լավ մարզավիճակում էի, ազատ ոճի ըմբշամարտով զբաղվելու տարիները շատ տեղին էին, կամքն ու համարձակությունն էլ լիուլի հերիքում էին: Չգիտես որտեղից՝ հանդգնություն ու ագրեսիա հայտնվեցին, որ նախկինում երբեք մեջս չէի նկատել: Շատ շուտով բոլորը սկսեցին ինձ հարգել: Ինտելիգենտ ընտանիքում, խաղաղ քաղաքում, էլիտար բակում մեծացած տղան հանկարծ հայտնվել էր մի իրավիճակում, որտեղ արևի տակ տեղ ունենալու համար դաժան ու անողոք պայքար պիտի մղեր: Ես բախվել էի իրական աշխարհի մի հատվածին, որից պաշտպանված էի մանկության ու պատանեկության տարիներին, և այդ շրջանը կարևոր փուլ դարձավ իմ կայացման համար: Վարքի հմտություններ էի ձեռք բերում անբարյացակամ, երբեմն չափազանց ագրեսիվ միջավայրում: Գուցեև առանց դրանց չկարողանայի հաղթահարել այն փորձությունները, որ ճակատագիրն ինձ համար պատրաստել էր ապագայում:
Ուսումնարանից մեզ նախ ուղարկեցին Պուշկինո՝ Լենինգրադի մոտ, հետո՝ Վոլոգդա: Ամենուր նույն պատմությունն էր՝ փոխադարձ ճանաչում ու ինքնահաստատում, բայց դա արդեն ավելի հեշտ էր տրվում:
Ընդհանրապես այդպիսի ծառայությունը բանակում դժվար է զինվորական կոչել. ընդամենը մի անգամ եղա հրաձգարանում, ինը փամփուշտ կրակեցի, իսկ մարտական տեխնիկա այդ բոլոր տարիների ընթացքում չեմ էլ տեսել, միայն տրակտորներ ու ինքնաթափներ: Լենինգրադում երկու ամիս ընդհանրապես ազատ կյանք էի վարում: Առաջին ամիսը երեքով աշխատում էինք Պաշտպանության մինիստրության կցավագոնների նորոգման արհեստանոցներում: Հենց արհեստանոցներում էլ մնում էինք, շատ էինք աշխատում, բայց երեկոները լրիվ ազատ էինք: Այդ ժամանակ ամբողջ Լենինգրադը ման եկա մարզահագուստով: Մեր գլխին ոչ մի պետ չկար, միայն՝ թոշակառու պահակը: Մի ամիս էլ Վիբորգին մերձակա զինվորական սովխոզում անցկացրի, որտեղ մենք՝ ութ զինվոր, օգնում էինք գյուղատնտեսական աշխատանքներում՝ մեր զորամասի համար կարտոֆիլ ու բանջարեղեն վաստակելով: Ապրում էինք տեղի ակումբում, ես խմբի ավագն էի. ոչ կանոնադրություն, ոչ շարային քայլ: Այստեղ, ինչպեսև Պուշկինոյում, լարված աշխատում էինք ամբողջ օրը, իսկ երեկոները գնում էինք պարելու, ուր մեծ հաջողություն ունեինք տեղի աղջիկների շրջանում:
Վերջին տարին ծառայեցի Մոնղոլիայում՝ Դարխանում ու Էրդենետում: Այնտեղի ծառայությունը շատ էր տարբերվում ստացիոնար զորամասերում իմ տեսածից: Երբ Դերխանից Էրդենետ՝ դեպի Մոնղոլիայի մոլիբդենային հանքավայրերը երկաթգիծ կառուցելու անհրաժեշտություն առաջացավ, ղեկավարությունը կարգադրեց հատուկ գումարտակ կազմավորել այդ առաջադրանքը կատարելու համար: Երկաթուղային զորքերի յուրաքանչյուր ստորաբաժանում անձնակազմից քվոտաներով մի քանի հոգի պիտի ուղարկեր այդ գումարտակի կազմավորման համար:
Ստորաբաժանումների հրամանատարները իրենց «թրաբլմեյքերներից» ՝ մշտապես խնդիրներ առաջացնող զինվորներից ազատվելու համար նրանց լավ բնութագրեր էին տալիս և ուղարկում այդ գումարտակ: Ես այն ժամանակ Վոլոգդայում էի ծառայում, ու ինքս դիմեցի ընդգրկվելու գումարտակում, որի առաջին համարը ընկերս էր: Կոլյան Բրյանսկից էր ու գումարտակի հրամանատարի գլխացավանքը: Անտանելի կռվարար, զինվորական կալանատան մշտաբնակ, ընդ որում՝ կարդացած ու խելացի, նա ղեկավարության համբերության բաժակը լցրել էր տարբեր ատյանների հասցեագրված իր գրագետ բողոքագրերով: Գրում էր անընդհատ, և ամեն բողոքից հետո որևէ հանձնաժողով ստուգման էր գալիս զորամաս: Զորամասի հրամանատարը, իհարկե, կատաղած էր:
Հիշում եմ՝ հերթական ստուգումից հետո, առավոտյան ստուգատեսին, կատաղությունից կարմրատակած հրամանատարն ինչպես էր գոռում շարքի առաջ. «Էստեղ մարդ չունենք՝ փոքրիկ հոդված գրի պատի թերթի համար, իսկ էս խ...-ը մի ամբողջ նամակ է շարադրել, ընդ որում՝ անձամբ մինիստրին»: Կարծում եմ՝ մեր հրամանատարը բոլորից շատ էր ուրախացել եղբայրական Մոնղոլիայում կարևոր երկաթգծի շինարարության համար:
Եվ ահա մեզ՝ նոր գումարտակը, բարձեցին պլացկարտային գնացք, ու տասը օր շարունակ գնում էինք նշանակման վայր: Պատկերացրեք մի գնացք, որտեղ հավաքել են ամենից անհնազանդներին, խմողներին, կատաղիներին, ու ոչ ոք չգիտի՝ որն ինչի է ընդունակ, ով է «կանաչ», ով՝ «պապ», իսկ առջևում՝ տասը օրվա ճանապարհ: Փոխճանաչումն անմիջապես սկսվեց, այս անգամ՝ գնացքի անիվների թխկթխկոցի տակ: Մեր նոր դասակի հրամանատարին ամբողջ ճամփին միայն երկու անգամ տեսանք՝ գնացք նստելիս ու ժամանելու օրը, արդեն աչքատակի մեծ կապտուկով: Որտեղ էր վաստակել՝ չգիտեմ, բայց երևում էր, որ ամբողջ ճանապարհին դասակի հրամանատարը խմելուց աչք չէր բացել: Պարզվեց, որ սպաներին ու ենթասպաներին էլ են համարյա զինվորների պես ընտրել՝ նրանց, ումից ղեկավարությունն ուզում էր ազատվել: Ճիշտ է, գումարտակի հրամանատար ու քաղղեկ նշանակել էին ուժեղ սպաների, բայց ստիպված էին լուրջ ջանքեր գործադրել այդ գժանոցը կառավարելի դարձնելու համար:
Տեղակայման վայր հասանք գիշերով: Շուրջբոլորը՝ լերկ տափաստան, և այնտեղ պիտի բնակություն հաստատեինք: Վրաններ խփեցինք: Ամեն ինչ ստիպված էինք սկսել զրոյից՝ և՛ ինքներս կազմակերպեինք աշխատանքները, և՛ տեխնիկա բերեինք, և՛ կենցաղը կարգավորեինք: Շուրջը՝ հարյուրավոր կիլոմետրերով, ոչ մի բնակավայր, կարելի է մեքենայով երեք ժամ անցնել տափաստանով, և առավելագույնը, որ կտեսնես՝ մեկ-երկու յուրտ կամ անասունների հոտ, ուրիշ ոչինչ:
Կյանքի և աշխատանքի այդ բարդ ու խիստ յուրահատուկ պայմաններում մեր գումարտակում միանգամայն այլ, սովորական, ստացիոնար զորամասերից տարբեր հարաբերություններ էին ձևավորվել: Խրախուսանքների ու պատժի համակարգը չէր գործում: Զինվորական կալանատունը հեռու էր՝ Ուլան-Բատորում, գնալու տեղ չկար. շուրջը վայրի բնություն էր: Ամբողջ ժամանցը՝ պտտաձող, զուգափայտեր, մարզագնդերի բարձրացում ու բռնցքամարտի ձեռնոցներ: Սպաների համար դաշտում բիլիարդի սեղան էր դրված, բայց մինչ այն պահը, երբ ավազամրրիկի ժամանակ պտտահողմն այն բարձրացրեց մի հիսուն մետր ու շրխկացրեց գետնին, այնպես, որ լրիվ փշուր-փշուր եղավ:
Ներքին հարցերը սովորաբար կանոնադրությամբ չէին լուծվում: Մեր ընկերական եռյակը՝ Գենան՝ Ռիգայից, Կոլյան՝ Բրյանսկից, ու ես, հայտնվեցինք զինվորական հիերարխիայի գագաթին, չնայած բոլորս շարքայիններ էինք: Սպայական կազմի հետ լեզու գտանք. մեր ստորաբաժանումը գերակատարում էր իր առաջադրանքները: Բայց մեզնից անհնար էր դասական կանոնադրային հարաբերություններ պահանջել, ինչպիսիք գործում են, օրինակ, Մոսկվայում կամ Գերմանիայում, որտեղ լավ զորանոցներ կան, կենցաղային պայմաններ, բաղնիք, հստակ օրակարգ, նորմալ սնունդ:
Զորանոց ընդհանրապես չունեինք. ապրում էինք վրաններում:
Մեր զորամասը երկաթուղագծի շինարարության հետ երեք անգամ տեղափոխվեց, որ ավելի մոտ լինի կառուցվող տեղամասերին: Ամեն անգամ հարկ էր լինում նորից տեղավորվել: Զարմանալի գեղեցիկ վայրեր էին: Իմ աչքին անսովոր, չափազանց ինքնատիպ բնապատկերներ. տափաստանով ձգվող զառիկող լեռներն ընդգծում էին կուսական բնության անծայրածիր տարածությունները: Կլիման այդ վայրերում խիստ չորային է, խստաշունչ. ձմռանը՝ մինչև մինուս երեսունհինգ, ամռանը՝ մինչև քառասուն աստիճան, մայիսին՝ գիշերը, մինուս երեք, ցերեկը՝ պլյուս քսանյոթ: Իսկ մենք՝ երեսուն հոգի, վառարանով ու երկար ծխնելույզով վրանում, որտեղ ձմռանը ներքևի մահճակալին ցուրտ է, վերևի մահճակալին՝ շոգ, ու բոլոր հին ծառայողները երկրորդ հարկում են: Ամռանը միսը մեզ չէր հասնում, փչանում էր ճանապարհին, տափաստանում սառնարաններ չկային: Ամբողջ ամառը պահածոների հույսին չմնալու համար գումարտակի հրամանատարը թույլատրեց ձկնորսների բրիգադ ստեղծել, որի կազմում հայտնվեցի որսորդական հմտություններիս շնորհիվ: Գիշերները ամբողջ զորամասի համար ձուկ էինք որսում Օրխոն ու Սելենգա գետերում, իսկ ցերեկը քնում էինք: Երբեմն այծքաղ էինք խփում՝ տափաստանով մեկ ԳԱԶ-66 մեքենաներով հետապնդելով, չնայած դա չէր խրախուսվում: Այդպես անցավ ամբողջ ամառը:
Բանակն ինձ համար լավ դպրոց դարձավ, որի շնորհիվ անգնահատելի կենսափորձ ձեռք բերեցի ու լրջորեն թրծվեցի:
Ծառայությունից հետո հարաբերությունները բանակային ընկերներիս հետ երկար չտևեցին: Մեր ճանապարհները բաժանվեցին, իսկ տարածության վրա հաղորդակցվելն այդ ժամանակներում, առանց սոցցանցերի ու բջջային կապի, մեծ ջանքեր էր պահանջում:
Գլուխ 4
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐԱՆ
Լիմիտչիկը
Բանակից զորացրվեցի դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա շեմին, ու հենց տոներին հասա տուն: Մինչ այդ, ծառայությունն ավարտելով, արդեն Ստեփանակերտ էին վերադարձել բոլոր տարեկիցներս՝ ընկերներ, համադասարանցիներ, ծանոթներ, բակի նախկին հարևաններ: Համարյա ամեն օրը՝ հեռախոսազանգեր: «Հա՜, արդեն էստեղ ե՞ս: Անպայման հանդիպենք»: Ամեն օր՝ հանդիպումներ. մերթ մեկի հետ, մերթ՝ մյուսի, բոլորի հետ էլ ուզում էի տեսնվել: Այդպիսի հանդիպումներից մեկի ժամանակ կյանքումս առաջին անգամ խմելու չափն անցա: Բարեբախտաբար, դա հասկացա, երբ արդեն տանն էի:
Մեկուկես ամիսը ակնթարթի պես թռավ:
Երբ զորացրվածի տրամադրությունը հանդարտվեց, մտածեցի, թե հետո ինչ եմ անելու: Նախ որոշեցի կյանքս դասավորել Մոսկվայում: Մեկնեցի մայրաքաղաք, տեղավորվեցի քրոջս մոտ՝ Ռեուտովում: Գնացի ՄԷԻ ու տեսա, որ այնտեղ ոչինչ չի փոխվել, վերականգնվելու հույս չկա: Ինստիտուտից հույսս կտրած՝ սկսեցի աշխատանք փնտրել: Ինձ նման մարդկանց՝ մայրաքաղաք եկածներին (նրանց այդ ժամանակ տարօրինակ բառով «լիմիտչիկ» էին ասում կամ, քամահրական, «լիմիտա՛»), մոսկովյան գրանցումով գայթակղելով, մեծ եռանդով հրավիրում էին շինարարություն, «Մետրոշին», գործարաններ, այնտեղ, ուր մոսկվացիները դժկամությամբ էին գնում: Մոսկվան արագ կառուցապատվում էր, ու միշտ աշխատող ձեռքի կարիք կար: Թերթերը լիքն էին հայտարարություններով. «Պահանջվում են-պահանջվում են-պահանջվում են»:
Շուտով որպես բանվոր ընդունվեցի ԵԲԿ-11 , «Մուրճ ու Մանգաղ» կայարանից ոչ հեռու: Գաղափար չունեի, թե ինչ է նշանակում ԵԲԿ. ընտրությունը պատահական էր: Ուզում էի շինարարություն գնալ, բայց քույրս մանրամասն ուսումնասիրեց բոլոր հայտարարություններն ու գտավ մեր տնից մոսկովյան չափանիշներով ոչ հեռու այդ ձեռնարկությունը: Կոմբինատը նաև տեղ էր տալիս բնակարանային տիպի հարմարավետ բանվորական հանրակացարանում՝ նորակառույց բարձրահարկում, և այդ հանգամանքը վճռորոշ եղավ:
1. Ռոզին Մարկ - «ԷԿՕՊՍԻ քընսալթինգ»-ի կառավարիչ-գործընկեր:
2. Քահանա, տերտեր՝ Ղարաբաղի բարբառով:
3. Troublemaker – անկարգ, խռովարար (անգլ.)
4. Երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը