19 11 2018

Մեկ դար անց գտնելով իմ Հայաստանը․ Լիլա Ռապտոպուլոս

Մեկ դար անց գտնելով իմ Հայաստանը․ Լիլա Ռապտոպուլոս

Financial Times-ի խմբագիրներից Լիլա Ռապտոպուլոսն իր հոդվածում հայտնել է հայկական արմատների, Հայոց ցեղասպանության, Հայաստան կատարած այցի, նաև ՀՀ պատմության և վերջին քաղաքական զարգացումների մասին:

Խմբագիրը նշել է, որ իր մորական պապը` Մանվել Բոզբեքյանը, ծնունդով Արևմտյան Հայաստանից է: Վեց տարեկանում նրա հորն իրենց տան առաջ սպանել են թուրք ոստիկանները, իսկ իրեն մոր, քրոջ ու եղբայրների հետ վտարել են Սիրիական անապատ: Հետագայում քույր ու եղբայրներին բազմաթիվ զրկանքներից սովամահ տեսնելուց հետո` 13 տարեկանում Մանվել Բեզբեքյանը Ստամբուլից մոր հետ նավով հեռացել է Ամերիկա:

Լիլայի հայրը հույն է, որի ընտանիքը նույնպես Արեւմտյան Հայաստանից է եղել: Մայրը հայ է, մեծացել է՝ ամեն օր հաղորդակից լինելով հայկական մշակույթին և ցեղասպանության պատմությանը, բայց ո՛չ նա, ո՛չ էլ Լիլան հայերեն չգիտեն։

Լիլայի խոսքով՝ իր հայկականությունը միայն մշակույթի և խոհանոցի որոշ տարրերի պահպանմամբ և Ցեղասպանության մասին տեղեկություններով է պահպանում:

Հեղինակը գրում է,  որ երկար ժամանակ կարծում էր՝ Արևելյան Հայաստանն իրենցը չէ, որ ներկայիս հայաստանցիները խիստ տարբերվում են սփյուռքի հայությունից, և որ ինքն այստեղ օտար կարող է լինել: Սակայն վերջիվերջո որոշել է և այս տարվա սեպտեմբերին այցելել Հայաստան: Նրանք նաև վախենում էին, որ Հայաստանում իրենց չեն ընդունի, բայց երբ այցելել են Օձունի վանք, մի խումբ երեխաներ իր մորը գրկել և հաջողություն են մաղթել։

Երեւանը, ըստ Լիլայի, կարծես մի փոքր հարավեվրոպական քաղաք լինի` բացօթյա սրճարաններով, գինետներով, յուրահատուկ թանգարաններով և համաչափ կենտրոնական հրապարակով: Այցի ընթացքում խմբագիրն ու իր ծնողները համտեսել են հայկական ճաշատեսակներ, այցելել հին հայկական վանքեր, հուշարձաններ, շրջել Երևանի փողոցներով և շփվել տեղացիների հետ:

Խմբագիրը նաև պատմում է այն մասին, թե որքան տպավորիչ է եղել Հայաստանում Հալեպից եկած հայերին հանդիպելը, քանի որ նրանք նույն պատմությունն ունեին, և այժմ Հայաստանը դարձել էր նրանց միավորող բնօրրան: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ