Հնարավոր ձնահոսքի վտանգից ելնելով՝ շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Փակ է նաև Վերին Լարսի անցակետը։ Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից:
Ռուսական կողմում առկա տրանսպորտային միջոցների խցանման մեջ կանգնած է տարբեր երկրների շուրջ 550 մեքենա, որից 400-ը՝ բեռնատար։
Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության միջավայրի ազգային գործակալության փորձագետների խումբը նոյեմբերի 17-ին գտնվում էր Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում և տեղում իրականացրել է ձնահոսքի մշտադիտարկում, որի արդյունքներով պարզ է դարձել, որ ձնահոսքի հնարավորությունը մեծ է, և ճանապարհը մինչև վաղը միանշանակ փակ է մնալու։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից դեսպանությանը հայտնում են, որ ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է նաև ճանապարհի մաքրման աշխատանքները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը