Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մասնակցել են Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Ռոբերտ Աբաջյանի ծնողները, տատիկն ու պապիկը:
Ռոբերտ Աբաջյանի ծառայակից ընկերները, ինչպես նաև կենտրոնում բուժում ստացած երիտասարդները կենտրոնի բակում խորոված են պատրաստել, այնուհետև Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Արցախի հերոսի ծնողների ու հարազատների մասնակցությամբ ընթրիքի սեղանի շուրջ նշել իրենց ընկերոջ ծննդյան օրը: «Այսօր Արցախի հերոս, բոլորիս սիրելի Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Առաջարկում եմ, որ այս բաժակով խմենք Ռոբերտի կենացը, նրա հերոսության կենացը և մեր բոլոր ընկած ու ապրող հերոսների կենացը: Խմենք նրա համար, որ մենք մեր կյանքով և գործունեությամբ արժանի լինենք նրանց հերոսությանը, նրանց զոհողություններին, որ նրանք արել են հանուն հայրենիքի, հանուն հայ ժողովրդի, հանուն բոլորիս: Հույս ունեմ, որ մենք ի վիճակի կլինենք և կկարողանանք այդ արարքին արժանի ապրել՝ անկախ նրանից, թե ինչով ենք զբաղվում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնել Ռոբերտ Աբաջյանի ծնողներին՝ նման զավակ դաստիարակելու համար:
Զրույցի ընթացքում երիտասարդները վարչապետի պաշտոնակատարին պատմել են բուժումից հետո ունեցած հաջողությունների և գործունեության մասին: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել նոր մասնաշենքի շինարարական աշխատանքների ընթացքին: Այնտեղ տեղակայվելու են խաղային թերապիայի, ժամանցի սենյակները, ուսումնական լսարանները: Նախատեսվում է, որ նոր մասնաշենքի շինաշխատանքներն ավարտին կհասցվեն 2019 թվականի ամռանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը