Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակման նախապատրաստման գործի կասկածյալները հարցաքննության ժամանակ խոստովանել են, որ ցանկացել են դանակով հարձակվել Մակրոնի վրա Փարիզում առաջին աշխարհամարտի ավարտի հարյուրամյակին նվիրված հանդիսավոր արարողությունների ժամանակ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով France 2 հեռուստաալիքին։
Երկու կասկածյալ ազատ է արձակվել, ևս 4 կասկածյալ ընդունել են իրենց մեղքը: Իրավապահները հակված են այն վարկածին, որ Մակրոնի դեմ հարձակումը նախաձեռնողը 62-ամյա ֆրանսիացի գործարար Ժան Պիեր Բ.-ն է: Նրա մեքենայում են հայտնաբերել դանակը, որով ենթադրաբար ցանկացել են հարձակվել նախագահի վրա:
Նշենք, որ օրեր առաջ Ֆրանսիայում ձերբակալել են 6 անձի, որոնք կասկածվում են նախագահ Էմանուել Մակրոնի դեմ հարձակում իրականացնելու մտադրություն ունենալու մեջ։ Կասկածյալները կապված են ծայրահեղ աջակողմյան շրջանակների հետ: Նրանց ինքնությունը դեռ չի հաղորդվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը