Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի՝ Ուեսթչեսթերում գտնվող առանձնատան փոստարկղում ռումբ է հայտնաբերվել: Այս մասին գրում է The New York Times-ը՝ հավելելով, որ Սորոսն աջակողմյան խմբավորումների «ամենանախընտրելի թիրախներից է»:
Ոստիկանությունից արդեն հաստատել են, որ միլիարդատիրոջ տան մոտակայքում ռումբ է հայտնաբերվել: Իրավապահները մանրամասնել են, որ այն չի պայթել. մասնագետները զգուշությամբ այն վնասազերծել են:
Հայտնի է, որ փաթեթի մեջ դրված պայթուցիկը հայտնաբերել է տան աշխատողներից մեկը, որը բացել է փաթեթն ու այնտեղ ռումբ տեսել: Այնուհետև նա փաթեթը վայր է դրել ու ոստիկանություն կանչել:
Նշվում է, որ Սորոսն այդ պահին տանը չի եղել:
Նշենք, որ Սորոսը միլիարդավոր դոլարների աջակցություն է տրամադրում դեմոկրատներին ու ամբողջ աշխարհում ժողովրդավարական արժեքների առաջխաղացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ծրագրերին: Forbes հանդեսի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է մոտավորապես 25 մլրդ դոլար:
Սորոսի նման վարքագիծը նրան պահպանողական խմբերի ու հակասեմական ուժերի «թիրախ» է դարձրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը