ԱՄՆ-ի ամենահայտնի վիճակախաղերից մեկի՝ Mega Millions-ի ջեքփոթը հասել է 868 միլիոն դոլարի։ Սա պատմության մեջ ռեկորդային գումար է: Այս մասին հաղորդվում է վիճակախաղի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը:
Երեքշաբթի տեղի ունեցած խաղարկության ժամանակ ԱՄՆ-ում շահել է 4,5 միլիոնից ավելի տոմս: Դրանց տերերը տարբեր չափերի դրամական պարգևատրումների իրավունք են ստացել՝ սկսած 2 դոլարից: 8 տոմս ձեռք բերած մարդիկ կարող են ստանալ ըստ չափի երկրորդ մրցանակը՝ 1 մլն դոլար, իսկ ևս մեկը, որը վաճառվել է Տեխասում՝ 5 մլն դոլար: Այդ օրը ոչ մեկին չի հաջողվել ջեքփոթը շահել:
Վերջին անգամ Mega Million-ի գլխավոր մրցանակը խաղարկվել է հուլիսի 24-ին: Ինչպես հայտնի էր դարձել, տոմսը, որը իրավունք էր տալիս ստանալ 543 մլն դոլարի ջեքփոթը, գնել էին կալիֆոռնիական ընկերության 11 աշխատակիցներ։ Նրանք շահած գումարը բաժանել էին միմյանց միջև:
Հաջորդ խաղարկությունը նախատեսված է հոկտեմբերի 19-ին: Այդ օրը ջեքփոթը կհասնի արդեն 900 մլն դոլարի: Այն շահելու հավանականությունը մոտ 303 միլիոնը մեկի հարաբերությամբ է։
Մինչ այս Mega Millions-ի պատմության մեջ ամենախոշոր ջեքփոթը հասել էր 656 միլիոն դոլարի։ Ռեկորդը գրանցվել էր 2012 թվականի մարտին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը