Ստամբուլում կյանքի 90-րդ տարում մահացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը, հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը։
Պոլսահայ լուսանկարչի ինքնազգացողությունը վատացել էր, և նրան տեղափոխել էին հիվանդանոց։ Բժիշկները երկու անգամ կարողացել էին վերականգնել Գյուլերի սրտի կանգը՝ տեղափոխելով նրան վերակենդանացման բաժանմունք։ Քիչ անց, սակայն, նա սրտի անբավարարության հետևանքով մահացել է։
Արա Գյուլերը ծնվել է 1928թ. օգոստոսի 16-ին, Ստամբուլում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:
1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ: 1961թ. աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում:
1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»:
Աշխարհահռչակ լուսանկարչի աշխարհի տարբեր անկյուններում և ժամանակներում արված ավելի քան 100 լուսանկարներ 2013 թվականի հունիսին ամփոփվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Բարև ձեզ» խորագրով ցուցահանդեսում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը