ՀՀ-ում մահճակալային ֆոնդ ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի 95 տոկոսը զբաղեցրած է նոր տիպի կորոնավիրուսով վարակված պացիենտներով, իսկ ընդհանուր բաժանմունքում զբաղեցված է 80 տոկոսը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը։
«Ապրիլի 2-ից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը, լինելով բազմապրոֆիլ բժշկական կենտրոն, վերապրոֆիլավորվել է որպես նոր կորոնավիրուսային վարակով պացիենտների բուժման բժշկական կենտրոն։ Այսօր համարվում է իր մահճակալային ֆոնդով ամենամեծը Հայաստանի Հանրապետությունում։ Մոտ 500 մահճակալ, որոնցից 80 մահճակալը վերակենդանացման բաժանմունքում է, 420-ը՝ ընդհանուր բաժանմունքներում։ Այսօր 95 տոկոսով զբաղեցրած են վերակենդանացման բաժանմունքները, և մոտ 80 տոկոսով՝ ընդհանուր բաժանմունքները»,- ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ մինչ այժմ բժշկական կենտրոնն ընդունել է նոր կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտի, որոնցից 450-ը եղել են ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։
«Ընդ որում, ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որը ամենասուղն է այս օրերի համար։ Օգտվելով առիթից՝ պետք է խնդրեմ մեր հայրենակիցներին պահպանել պարետատան կողմից բոլոր սահմանված կանոնները, որովհետև վերջին օրերին հաշվի առնելով վարակի առանձնահատկությունը, փոխանցման մեխանիզմները, ավելացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։ Նման հորդորը գալիս է այն նպատակով, որ մեր առողջապահական համակարգում չլինի կոլապս և առողջապահության համակարգի աշխատակիցները, որոնք օր ու գիշեր կռվում են վարակի դեմ, կարողանան ամբողջ ծավալով մատուցել բուժծառայություն մեր բոլոր հայրենակիցներին»,- եզրափակեց Հովակիմյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը