09 10 2018

ՌԴ-ում բեռնատարի անցնելու պահին կամուրջ է փլուզվել



ՌԴ Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում կամուրջ է փլուզվել՝ ընկնելով տակով անցնող երկաթգծի վրա։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Ինչպես հաղորդվում է, փլուզման պահին կամրջով բեռնատար է անցնելիս եղել: Պատահարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, նրա առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

Ավելի ուշ իշխանությունները հաղորդել են, որ կամուրջը փլուզվել է Տրանսսիբիրյան երկաթուղու վրա։ Փլուզման պատճառը եղել է գերծանրաբեռնված բեռնատարը։ Համացանցում երևում է՝ ինչպես է փլուզման պահին կամրջով բեռնատար անցնում:

Ամուրի մարզպետ Վասիլի Օռլովը նշել է, որ բեռնատարը կշռել է տվյալ կամրջի համար օրենքով սահմանված 44 տոննայից ավելի: «Միանգամայն վստահ եմ, որ բեռնատարը թույլատրելի 44 տոննայից ավելի է կշռել, ինչի պատճառով էլ կամուրջը փլուզվել է»,-հայտնել է նա:

Գերծանրաբեռնված բեռնատարի ղեկին հայ վարորդ է եղել: Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանի խոսնակ Լևոն Թորգոմյանը: Նա մանրամասնել է, որ 1980թ. ծնված Բ.Ա.Դ.-ն բաց կոտրվածք ունի և վիրահատվել է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ