Գերմանական Շտուտգարտ քաղաքի համալսարանի գրադարանի բազմաթիվ գրքեր վնասվել են առնետների զանգվածային «հարձակումից»։ Տարեսկզբից գրադարանի շենքում հայտնված կրծողները ոչնչացրել են շուրջ 8 000 գիրք, այդ թվում՝ եզակի և հին գրքեր, որոնք հրատարակված են եղել դեռևս անցյալ դարում, գրում է Lenta.ru-ն։
Ինչպես հաղորդվում է, ոչնչացված գրքերի թվում են 1970-80-ական թթ․ հրատարակված բազմաթիվ գիտական աշխատություններ տնտեսական, իրավագիտական ու սոցիոլոգիայի թեմաներով։
Ըստ գրադարանի ներկայացուցիչների՝ որոշ գրքեր այնպես են կեղտոտվել առնետների պատճառով, որ դրանք անհնար է մաքրել: Պատճառված վնասի ընդհանուր չափը գնահատվում է առնվազն 200.000 եվրո: Գրադարանի աշխատակիցները համոզված են, որ շենքում այդքան շատ առնետների հայտնվելը կապված է մոտակա այգու հետ, որտեղ քաղաքացիները հաճախ են աղբ թողնում: Այգու մաքրությունն իրականացվում է շաբաթական մեկ անգամ, իսկ մնացած օրերին գետնին հաճախ կարելի է նկատել սննդի մնացորդներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը