Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը հոկտեմբերի 7-ից սկսելու է բողոքի ակցիաներ՝ հորն արդարացնելու և համաներում հայտարարելու պահանջով: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
Շահեն Հարությունյանը չի ընդունում վարչապետի այն դիրքորոշումը, թե պետք է Շանթ Հարությունյանի պահման ռեժիմը՝ փակից փոխել բացի, և որ դա կառավարության միակ լծակն է: Ըստ Շահեն Հարությունյանի, աշխարհում չկա նման բան, որ երկրի ղեկավարը հայտնի, որ երկրում կա քաղբանտարկյալ և քայլեր չձեռնարկի նրան ազատ արձակելու համար: «Բացառիկ է, բայց Նիկոլ Փաշինյանը մտադրություն չունի արդարացման գործընթաց սկսելու և առաջարկում է բաց ռեժիմի տարբերակը, որը Շանթ Հարությունյանի կողմից ընդունելի չէ: Հոկտեմբերի 7-ից սկսում ենք բողոքի ակցիաներ, երթեր, իշխանություններին ներկայացնում ենք մեր պահանջը և փորձում ստանալ պատասխան, բնականաբար խաղաղ ու օրինական ցույցների միջոցով»,- ասաց նա:
Շահեն Հարությունյանը միևնույն ժամանակ նշեց, որ իրենք իշխանության դեմ չեն ցանկանում դուրս գալ, իշխանության նկատմամբ թշնամանք չունեն, միայն ներկայացնում են իրենց պահանջը, որովհետև ի վերջո իշխանությունները նրա համար են, որ կատարեն ժողովրդի պահանջները: «Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 18:00-ին, լինելու եմ Ազատության հրապարակում, ովքեր կարծում են, որ պետք է պայքարեն այս առաջ քաշված խնդիրների համար, կարող են աջակցել մեզ»,-ասաց Շահեն Հարությունյանը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը 2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը