27 09 2018

Էջմիածին-Երևան երթուղին խախտել է մրցութային կարգը. տրանսպորտի վարչության պետ

Էջմիածին-Երևան երթուղին խախտել է մրցութային կարգը. տրանսպորտի վարչության պետ

Էջմիածին-Երևան ուղղությամբ փոխադրումներ կատարող 203 համարի երթուղայինը մրցույթային կարգի պայմաններ է խախտել, ուղեգծի շեղում է տեղի ունեցել, ուղևորափոխադրում է կատարում մինչև շրջանային, այնինչ վերջնակետը պիտի լիներ ավտոկայանը: 203 համարը նաև ուղևորափոխադրման սակագին է բարձրացրել, ինչը նույնպես խախտում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ անդրադառնալով 5 համարի երթուղու վարորդների գործադուլի պատճառներին:

«Խնդրի կարգավորումը ոչ թե մեր իրավասության մեջ է, այլ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, մենք դիմել ենք տարբեր կառույցների՝ խնդրելով այս հարցին լուծում տալ, որովհետև խոչընդոտում են ներքաղաքային երթուղու կանոնավոր աշխատանքներին։

Շուրջ մեկ ամիս է՝ մեր երթուղու վարորդներին խնդրում ենք, որպեսզի աշխատեն, մինչև խնդիրը լուծում ստանա, բայց գրեթե չեն աշխատել»,-ասաց նա՝ հավելելով, որ 5 համարի և 203 համարի երթուղիների վարորդների միջև նաև վեճ է եղել, քանի որ Ջրվեժից ուղևորափոխադրում իրականացնող 5 համարի երթուղու վարորդների պնդմամբ՝ 203 համարի երթուղին սպասարկող մեքենաները, ավտոկայան չհասած, իրենց ուղևորներին խլում են, չեն կարողանում օրվա սահմանված «պլանը» կատարել: Նավասարդյանի հաղորդմամբ՝ այժմ 5 համարի երթուղին չի աշխատում, քանի որ կարող է կրկին միջադեպ գրանցվել։ Պաշտոնյան նշեց՝ իրենք պատրաստ են կատարել նաև 5 համարի երթուղու վարորդների պահանջը և «պլանը» իջեցնել, սակայն դա հետագայում կարող է հանգեցնել լուծարման:

Հենրիկ Նավասարդյանը նաև հայտնեց՝ 203 համարի երթուղին ոչ թե ուսանողական երթուղի է, այլ խախտումներով իրականացնում է կանոնավոր ուղևորափոխադրում: Եթե խնդիրը չկարգավորվի ապա, այն կարող է դառնալ նախադեպ մյուս համայնքներից ուղևորափոխադրումներ իրակացնողների համար։ Այս ամենը քաղաքում կհանգեցնի երթևեկության կոլապսի:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ