Սեպտեմբերի 21-ին Մեքսիկայի Միչոական նահանգում բացվեց Հայաստանի պատվո հյուպատոսությունը։ Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանի, դեսպանության անձնակազմի, մեքսիկահայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ ԱՄՆ-ից հատուկ ժամանած Սասուն վարդապետ Զմրուխտյանը օրհնեց հյուպատոսությունը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Նույն օրը դեսպան Այվազյանը հանդիպեց Միչոականի նահանգապետ Սիլվանո Աուրեոլես Կոնեխոյի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում՝ պայմանավորվածություն ձեռք բերելով համատեղ աշխատանքներ տանել մշակութային, կրթական և առևտրատնտեսական ոլորտներում փոխգործակցության հաստատման ուղղությամբ։
Այնուհետև ՀՀ դեսպանության անունից կազմակերպվեց հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Անկախության 27-ամյա տարեդարձին։ Միջոցառմանը ելույթներով հանդես եկան դեսպան Արա Այվազյանը, Մեքսիկայի Մարոնիտ եկեղեցու առաջնորդ, եպիսկոպոս Ջորջ Սաադ Աբի Յունեսը, Սասուն վարդապետ Զմրուխտյանը, ՀՀ պատվո հյուպատոս Հակոբ Սահակյանը և Միչոականի նահանգապետի ներկայացուցիչ, նահանգի Միգրացիայի քարտուղար Խոսե Լուիս Գուտիերես Պերեսը։ Ընդունելությանը ներկա էին դաշնային և նահանգային բազմաթիվ սենատորներ և պատգամավորներ, Միչոականի նահանգային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հայկական, լիբանանյան և հունական համայնքների անդամներ, լրագրողներ։
Երեկոյի հյուրերին ներկայացվեց Հայաստանի մասին լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև հայկական երգի ու պարարվեստի լավագույն նմուշները կատարեց նորաստեղծ «Մուշ» պարախումբը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը