Ժամը 15:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում, 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից: Ամենից շատ խախտումներն արձանագրվել են Շենգավիթ վարչական շրջանի 8/9 և Արաբկիրի 4/40 ընտրատեղամասերում, որտեղ գրանցվել է երեքական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը:
Կրկնակի քվեարկության դեպք 17:40
Ընտրություններում 2/11 ընտրատեղամասում կրկնակի քվեարկության դեպք է կանխվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Քրիստինե Վարդանյան անունով անձը արդեն գրանցված է եղել տվյալ ընտրատեղամասում իր փաստաթղթի համարով:
Քվեարկության գաղտնիության խախտում 17:14 2/51 Նոր Նորք
Ըստ դիտորդի՝ երկու անձ քվեարկել են միաժամանակ նույն քվեախցիկում։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և պահանջել, որպեսզի խախտումը գրանցվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում։
Այլ անձի փոխարեն և/կամ բազմակի քվեարկություն կամ փորձ 16:50 4/34 Արաբկիր
Դիտորդը տեղեկացրեց,որ 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց դիմաց: Երկու դեպքում ընտրողներին ում փոխարեն այլ ընտրողարդեն ստորագրել էր
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում իսկ մյուս դեպքում ընտրողը, որի փոխարեն այլ անձ էր ստորագրել 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:
Դիտորդը ներկայացրել է պահանջ խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է Հանձնաժողովի նախագահի կողմից այն պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:
Այլ անձի փոխարեն և/կամ բազմակի քվեարկություն կամ փորձ 15:34 1/3 Ավան
Տարեց մի տղամարդ այցելել է տեղամաս ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու համար որպեսզի տարեց տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, իսկ միջադեպը գրանցվել է գրանցամատյանում:
Քարոզչություն 14:41 3/24 Քանաքեռ-Զեյթուն
Ընտրողը տեղամասային կենտրոն է ներկայացել «դուխով» շապիկով: Հանձնաժողովի նախագահը զգուշացրել է վերջինիս և ընտրողը ընտրելուց հետո հեռացել է տեղամասային կենտրոնից:
Դիտորդը պահանջել է խախտումը գրանցել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Ընտրողներին օգնելու կարգի խախտում 12:53 9/6 Նորք-Մարաշ
Տեղի է ունեցել ընտրողներին օգնելու կարգի խախտում. տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև "Իմ քայլը" դաշինքի վստահված անձը, որի արդյունքում "Բարգավաճ Հայաստան" կուսակցության վստաված անձի և "Իմ քայլը" դաշինքի վստաված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ "Բարգավաճ Հայաստան" կուսակցության վստաված անձը շարունակել է ուղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:
Քվեարկության գաղտնիության խախտում 11:20 9/6 Նորք-Մարաշ
Տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:
Ընտրողների ուղղորդում 10:43 6/8 Աջափնյակ
Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել արդյո՞ք ամեն ինչ կարգին է թե՝ ոչ և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից՝ պատճառաբանելով, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում:
Խախտումը ուշացումով գրանցվել գրանցամատյանում:
Ընտրողների ուղղորդում 09:56 8/39 Շենգավիթ
Դիտորդը ժ.9;48-ին հայտնել է, որ ժ.08:00-ին տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային: Դիտորդը ավելացրել է նաև, որ ՀՅԴ վստաղված անձը պարբերաբար դուրս է եկել տեղամասից և մոտեցել ավտոմեքենայի մոտ կանգնած անձանց:
Քվեարկության սենյակի կահավորման հետ կապված խնդիրներ 08:49 5/10 Դավթաշեն
Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է: Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:
Նշենք նաև, որ «Անկախ դիտորդ» դաշինքը ահազանգեր է ստացել, որ «Իմ քայլը» դաշինքից ներկայացած անձինք 6/8, 6/26, 8/62, 1/1 տեղամասերում պիցցաներ են տարել, իսկ 10/6, 8/29 , 8/1, 10/45, 10/52 տեղամասերում «Իմ քայլը» դաշինքի վստահված անձինք են պիցցա, հյութ և ջուր տարել։ Այս մասին ասված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է սոցիալական ցանցերում առկա գրառումներն այն մասին, որ քվեարկողներին պարտադրվում կամ կոչ է արվում լուսանկարել քվեարկած քվեաթերթիկն ու այդ կերպ ապացուցել քվեարկության կոնկրետ արդյունքը:
Ընտրացուցակում մահացած անձի տվյալների առկայություն 6/32 ընտրատեղամաս
Վահան Բաբայանի կողմից ինձ փոխանցվել է ինֆորմացիա, համաձայն որի՝ 6/32 ընտրական տեղամասի ցուցակում ընդգրկված Հարություն Մաջարյանը մահացած է։ Ստուգմամբ հաստատվել է մահվան փաստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:
«Հարություն Խաչիկի Մաջարյանը մահացել է 2010 թ.։ Բնակչության պետական ռեգիստրին հասանելի չի եղել այդ ինֆորմացիան, որի պատճառով նրա անձնագիրը անվավեր չի ճանաչվել և հաշվառումից չի հանվել։
Հարազատները տեղեկացրել են, որ մինչ այժմ որևէ անգամ չեն դիմել և չեն տեղեկացրել, որ Հ.Մաջարյանը մահացած է։ Ըստ հարազատների, պատկերացում անգամ չեն կազմել, որ վերջինս հաշվառված է Աջափնյակ վարչական շրջանում, այլապես կստուգեին իրենց հասցեն և շուտ կտեղեկացնեին այդ մասին։
Այսօր քվեարկության ժամանակ են տեսել մահացած անձի տվյալը ցուցակում։ Տվյալը փոխանցվել է անձնագրային ծառայությանը, որի հիման վրա անձը կհանվի բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից։ Աջափնյակում հաշվառվել է 05.03.2010թ.-ին, մահացել է 5 օր հետո՝ 10.03.2010թ.»,- նշել է Բիչախչյանը։
Քաշքշուկ վստահված անձանց միջև 6/51 ընտրատեղամաս
ԲՀԿ վստահված անձը քաշքշուկ է սկսել «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի հետ: Հանձնաժողովի անդամները որևէ կերպ չեն արձագանքել կատարվածին: Դիտորդական խումբը ոստիկանություն է կանչել, որից հետո ԲՀԿ վստահված անձը հեռացվել է։
Քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք 7/38 ընտրատեղամաս
Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի 7/38 ընտրատեղամասում գրանցվել է քվեարկության ծրարն առանց դրոշմանիշի քվեատուփի մեջ գցելու դեպք: Հանձնաժողովի նախագահը որոշել է նոր քվեաթերթիկ տրամադրել ընտրողին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը