23 09 2018

13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

13:30-ի դրությամբ գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ

Ժամը 13:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 75 խախտում, 10 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am կայքից:

Միջադեպերից մեկը կապված է եղել ընտրողներին օգնելու կարգի խախտման հետ: Նորք Մարաշի 9/6 տեղամասում տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է նաև «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստահված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձը շարունակել է ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:

Նույն տեղամասում գրանցվել է նաև միջադեպ՝ կապված տեխնիկական սարքի խափանման հետ: Տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքը տպվել է միայն այն ժամանակ, երբ ներկայացել է առաջին ընտրողը, իսկ տեղեկանքը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում սոսնձվել է ավելի ուշ:

Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Նորք Մարաշ վարչական շրջանի 9/6 տեղամասը, Կենտրոն վարչական շրջանի 9/18 տեղամասը, Արաբկիրի 4/40 ընտրատեղամասը, Նոր Նորք վարչական շրջանի 2/16 տեղամասը: Առաջին ընտրատեղամասում գրանցվել է 4 խախտում, մյուս ընտրատեղամասերում՝ 3-ական խախտում:

Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, քվեարկության սենյակի կահավորմանը, վիճակահանության կարգի խախտմանը:

Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված խախտումները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ