21 09 2018

Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. ՊՆ

Սահմանին այս պահին հարաբերական կայուն է. ՊՆ

Սահմանին այս պահին հարաբերական կայուն է։ Այս մասին սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ «Ձեռնարկված միջոռացումների արդյունքում այս պահին սահմանին կայուն է»,- նշեց պաշտպանության նախարարը։

Նախարարն անդրադարձավ պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանի մահվան հանգամանքներին՝ նշելով, որ զինծառայողը մահացել է թիրախավորված կրակի հետևանքով։ «Թիրախավորված կրակ է եղել»,- նշեց նախարարը։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նաև հայտնեց՝ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Սիրիա հումանիտար գործողության մասնակցելը նշանակում է ներքաշվել կոնֆլիկտի մեջ։ «Հումանիտար գործողությունը կատարվելու է ՄԱԿ–ի կոչի ներքո։ Ինչպե՞ս կարող են կին բժիշկները կոնֆլիկտի մեջ ներքաշվել, կամ ականազերծո՞ղը, եթե հումանիտար գործողության է մասնակցում»,- ասաց նախարարը։

Նախարարն անդրադարձավ նաև թիվ 0038 հրամանի մասին հարցին՝ նշելով, որ չի գաղտնազերծվել այն մասը, որը կարող է վտանգել ոչ թե անձանց, այլ մեր ազգային անվտանգությունը։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը կա 0038 հրամանում, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Ամեն դեպքում Սեյրան Օհանյանի անունը չկար, որ գաղտնազերծված պահպանվել է»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած հումանիտար առաքելության մասին՝ նշել էր․ «ՀՀ զինված ուժերի՝ Սիրիա մեկնող անձնակազմում հումանիտար ոլորտի մասնագետներ են լինելու` բժիշկներ, հումանիտար ականազերծողներ, նրանց գործունեության ապահովման համար նաև անվտանգության անձնակազմ է ներգրավված լինելու»։ Դավիթ Տոնոյանը նաև նշել էր, որ նրանց մասնակցությունը բխում է մեր ազգային շահերից։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ