ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված՝ այսպես կոչված, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը նախատեսվում է երկարաձգել՝ 2019թ-ի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2021 թվականի հունվարի 1-ը: Այս մասին օրենսդրական նախագծերի փաթեթն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում:
Ըստ հիմնավորման, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքներով սահմանված է, որ հին նմուշի անձնագրերը ՀՀ քաղաքացիներին տրամադրվելու են մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ինչը ենթադրում է, որ հունվարի 1-ից հետո ՀՀ քաղաքացիներին կարող են տրամադրվել բացառապես կենսաչափական անձնագրեր: «2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի գործողության ժամկետը:
Միաժամանակ, մինչդեռ ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի թողարկման, արդիականացված ավտոմատացված համակարգի ներդրման, սպասարկման և փոխանցման նպատակով կոնցեսիայի պայմանագիր կնքելու համար գնման ընթացակարգը դեռևս ավարտված չէ:
Հայտարարված մրցույթի իրականացման և հաղթող կազմակերպություն ունենալու դեպքում համակարգի հետագա տեխնիկական շահագործումն ապահովելու նպատակով դեռևս լրացուցիչ ժամանակ կպահանջվի, ուստի, նպատակահարմար է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի անձնագրեր տրամադրելու ժամկետը երկարաձգել: Այն թույլ կտա առանց խոչընդոտներից ապահովել մրցույթի կայացումից հետո նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի նոր բլանկների ձեռքբերման, համակարգի ամբողջական գործարկման և լիարժեք սպասարկման աշխատանքները»,- ասված է հիմնավորման մեջ։
Ակնկալվում է, որ փոփոխությունը հնարավորություն կտա մինչև կենսաչափական անձնագրերի համակարգի նոր մատակարար ընկերության լիարժեք աշխատանքը՝ ապահովել ՀՀ քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման գործընթացը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը